մեջ են ընկել և աշխատում են երիտասարդներին զսպել։ Մեկը Մոլլա Հյուսեյինն է։ Հեռանում են։ ԴՐՍՈՒՄ. (Աղմուկը հետզհետե հեռանում է և առժամանակ ընդհատվում է): ԳԱԼՈ. Այնուամենայնիվ կանանց ու երեխաներին պետք է թաքցնել։ ՄԻՀՐԴԱՏ. Այս տան ներքնահարկում կա մի նկուղ, որը, բացի ինձնից, ոչ ոքի հայտնի չէ։ Հազար ութ հարյուր իննսուն հինգ թվականի կոտորածին այնտեղ է ազատվել այս տան նախկին տիրոջ ընտանիքը։ (Դառնում է կանանց): Հետևեցեք ինձ։ (Քայլերն ուղղում է դեպի ձախ կողմի դուռը): ՆԻԳԱՐ. Ես ոչ մի նկուղում չեմ կարող թաքնվել։ Թող լինի, ինչ որ լինելու է։ ՄՐՀՐԴԱՏ. (Մոտենում է և կոպտաբար բռնում Նիգարի թևը): Ես քեզ ուժով կտանեմ։ (Սաթենիկին ու Արփենիկին): Եկե՛ք։ (Նիգարին տանում է ձախ կողմի դռնով): ՍԱԹԵՆԻԿ. Գնա, Արփիկ, վերցրու քո և իմ փոքրիկներին ու ազատվեցեք։ Իսկ ես ծեր եմ, ոչինչ եթե սպանվեմ։ ԱՐՓԵՆԻԿ. (Շտապով գնում է ձախ կողմի դռնով): ԴՐՍՈՒՄ. (Աղմուկը նորեն սկսվում է և հետզհետե սաստկանում):
ՏԵՍԻԼ 4
ՍԱթԵՆԻԿ, ԴԱՆԻԵԼ և ԳԱԼՈ
ԴԱՆԻԵԼ. (Շարունակ լուսամուտով նայում է դեպի փողոց): Ամբոխը նորեն դարձավ դեպի մեր փողոցը։ Քանի գնում, այնքան նա բազմանում է։ ԳԱԼՈ. Եվ քանի գնա, պիտի այնքան ավելի կատաղի։ (Քաշվում է մի անկյուն): ԴԱՆԻԵԼ. Ահ, սկսեցին հարձակվել տների վրա ու կողոպտել։ Այն ի՞նչ է։ Հրդեհ։ Կարծեմ այրվում է Գարիկյանի տունը։ ԳԱԼՈ. Շատ տներ կայրվեն, շատ ընտանիքներ կկործանվեն։