Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/340

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ծառաներից մեկը։ Ով գիտե, գուցե ժամանակով կարողանաս գրավել իմ սերը։ ԳԱԼՈ, (Հպարտ): Ես քրիստոնյա եմ և քրիստոնյա կմեռնեմ։ ՍԱԹԵՆԻԿ. Օրհնվիս, զավակս։

ՏԵՍԻԼ 8

ՆՈՒՅՆՔ և ՄԻՀՐԴԱՏ

ՄԻՀՐԴԱՏ. (Գալիս է ձախ կողմի դռնով): Ես նրանց թաքցրի մի այնպիսի տեղ, որ ինքը սատանան չի գտնի։ (Տեսնելով Ջեմալ-բեյին, ճանաչում է և ցնցվում): Ջեմալը։ ՋԵՄԱԼ֊ԲԵՅ. նա ինքն է։ ՄԻՀՐԴԱՏ. Աա, դու դեռ կենդանի՛ ես, շուն։ Մերկացրու սուրդ։ (Դաշույնը մերկացնում է): ՋԵՄԱԼ֊ԲԵՅ. Լավ, փորձենք մեր հնացած ուժերը։ (Դաշույնը մերկացնելով, պատրաստվում է պաշտպանվելու): ՄԻՀՐԴԱՏ. Հիսուս Քրիստոսի անունով։ (Հարձակվում է Ջեմալ փաշայի վրա): ԶԵՄԱԼ֊ԲԵՅ. Հիսուս Քրիստոսը ձեզ երբեք չի օգնի։ ՄԻՀՐԴԱՏ ԵՎ ՋԵՄԱԼ֊ԲԵՅ. (Մի քանի վայրկյան կռվում են առանց որևէ հետևանքի): ԴԱՆԻԵԼ. (Հուսահատական շարժումներ է անում): ՍԱԹԵՆԻԿ. Կռվեցեք, լավ է այդպես մեռնել։ ՄԻՀՐԴԱՏ. (Մի հարված տալով Ջեմալ-բեյի թևին): Դե կեր, անասուն, դուք քաջ եք անզենների դեմ։ ՋԵՄԱԼ-ԲԵՅ. Քո հարվածն ավելի ծակոց է ինձ համար։ Ահա թե ինչպես պիտի զարնել։ (Հարվածն ուղղում է Միհրդատի կրծքին): ԳԱԼՈ. (Մեջ է ընկնում կռվողներին բաժանելու համար): Ամոթ է ծերունիներ, կանգ առեք (Միհրդատի կրծքին ուղղված հարվածն ստանում է իր թևի վրա): Ահ։ ՍԱԹԵՆԻԿ. Աստված իմ, նա սպանեց իր որդուն։ ՋԵՄԱԼ֊ԲԵՅ, ՄԻՀՐԴԱՏ. (Դադարում են կռվելուց): ԳԱԼՈ. Ոչինչ, մայր, հարվածը թևիս դիպավ։ (Վիրավոր թևը բռնած՝ նստում է թախտի վրա):