ՏԵՍԻԼ 3
ՀՐԱԶԴԱՆ և ՏԻՐԱՆ
ՏԻՐԱՆ. (Գալիս է խորքից: Նույնպես նիհարած է ու ընկճված): Ուժ է հարկավոր այս ամենին դիմանալու համար, գերբնական ուժ։
ՀՐԱԶԴԱՆ. Ի՞նչ նորություն։
ՏԻՐԱՆ. Այս րոպեին եկան մի խումբ փախստականներ, որ մեզնից մի օրով ուշ են շարժվել։ Նրանք ասում են, որ թուրքերը Գալոյին կախաղան են բարձրացրել:
ՀՐԱԶԴԱՆ. Այդ ես սպասում էի։ Ուրի՞շ։
ՏԻՐԱՆ. Ուրիշ ոչ պակաս սոսկալի լուր, հայրիկն այրվել է։
ՀՐԱԶԴԱՆ. (Ոտքի կանգնելով). Այրվե՞լ։
ՏԻՐԱՆ. Այո։ Այն ժամանակ, երբ քուրդերը հարձակվել են, նա իր սենյակում փակված պաշտպանվել է՝ հրացանն արձակելով, չկամենալով կենդանի անձնատուր լինել: Քուրդերը տունը հրդեհել են, ծերունին այրվել է իր սենյակում։
ՀՐԱԶԴԱՆ. Համառ էր հայրդ, Տիրան, և իր համառության զոհը դարձավ։
ՏԻՐԱՆ. Ի՞նչ ես խորհուրդ տալիս. հայտնե՞մ այս բոլորը մայրիկին։
ՀՐԱԶԴԱՆ. Ամենևին, դա կարող է նրան սպանել։ Պետք է խնայել նրա ուժերը մինչև Կովկաս հասնելը։ Այնտեղ կհայտնենք։
ՏԵՍԻԼ 4
ՆՈԻՅՆՔ և ՍԱԹԵՆԻԿ, ՆԻԳԱՐ, ԱՐՓԵՆԻԿ, ԴԱՆԻԵԼ (չորս ութ-ինը տարեկան մանուկների հետ, որոնցից երկուսը Սաթենիկին են, երկուսը Արփենիկին: Գալիս են աջ կողմից):
ԴԱՆԻԵԼ. (Իր երկու զավակների ձեռքից բռնած). Եկեք, մի փոքր տաքացեք խարույկի մոտ։ Մրսում եք։ Եկեք դուք էլ, կանայք։ (Մոտենում է խարույկին):