ԱՐՓԵՆԻԿ. (Գալիս է Սաթենիկի երեխաների ձեռքից բռնած). Ցուրտ է, սոսկալի ցուրտ (Մոտենալով խարույկին) Եկ, Սաթենիկ, եկ, Նիգար: Դու դողում ես։
ՍԱԹԵՆԻԿ. Ես ցուրտ չեմ զգում, թողեք ինձ։ Չկա ցուրտ, կրակ է ամեն ինչ։
ՆԻԳԱՐ. Թող երեխաները տաքանան, մենք կարող ենք դիմանալ։ (Փաթաթվում է շալի մեջ):
ԴԱՆԻԵԼ. Այդ ո՞վքեր են երգում։
ՏԻՐԱՆ. Խելագար քահանան մի խումբ մանուկների հետ «Առավոտ լուսո». է երգում։
ՍԱԹԵՆԻԿ. Չի բացվել մեզ համար լույս, չի բացվել, բավական է երգել։ (Գրգռված, Հրազդանին և Տիրանին). Շա՞տ պիտի քալենք տակավին։
ԴԱՆԻԵԼ. Եվ կանցնենք թուրքական նախկին սահմանը ու կլինենք այնուհետև ապահով։
ՍԱԹԵՆԻԿ․ (Սրտմտությամբ) Անիծվին ձեր սահմանները։ Ինչո՞ւ բերիք մեզ այս ցուրտ վայրերը։ Ինչո՞ւ չթողիք ինձ մնալ հիմար ծերուՆու մոտ, իմ հարկի տակ ու այնտեղ մեռնել։
ՆԻԳԱՐ. Մայրիկ, հանգստացիր, աղաչում եմ։
ՍԱԹԵՆԻԿ․ Ոչ, չեմ ուզում։ Վերադարձրեք ինձ իմ վաթանը։ Ես այնտեղ եմ փափագում փչել իմ հոգին։
ՀՐԱԶԴԱՆ. Այնտեղ կմեռնիս, քույր, այնտեղ, դու էլ, ես էլ, ամենքս։ Այս գաղթը ժամանակավոր է։ Ամենքս նորեն կվերադառնանք հայրենիք ազատ ու երջանիկ վիճակում։
ՍԱԹԵՆԻԿ. Ազատ ու երջանիկ։ Կար ժամանակ, երբ ես ևս հավատում էի քո խոսքին։ Այժմ չեմ հավատում ոչ քեզ, ոչ նրան (ցույց է տալիս Տիրանի վրա). Ոչ մեկիդ։
ԴԱՆԻԵԼ. Մենք ազատություն երբեք չենք տեսնի։
ԱՐՓԵՆԻԿ. Երբեք, այո, երբեք, այսպես է Գրված մեր ճակատին։
ՆԻԳԱՐ. Իսկ ես դարձյալ հավատում եմ իմ հայրիկին և Տիրանին։ Հավատում եմ, որ նրանց հույսն ու հավատը կարդարանան։
ՀՐԱԶԴԱՆ. Ապրիս, զավակս, ապագան հավատացողինն է: