Թող մենք լինենք՛թշվառ, բայց դու և դրանք (ցույց է տալիս փոքրիկների վրա) կլինեք երջանիկ։ Ես խորապես համոզված եմ։
ՏԻՐԱՆ. Ես նույնպես։
ՏԵՍԻԼ 5
ՆՈԻՑՆՔ և ԱԼԻՇԱՆ
ԱԼԻՇԱՆ. (Գալիս է բեմի խորքից: Այլայլված է, գունատ, առանց գտակի և հրացանի): Հրազդան, Հրազդան:
ՀՐԱԶԴԱՆ. Այստեղ եմ, ի՞նչ է պատահել։
ԱԼԻՇԱՆ. Գիտես՝ ինչքան դիակ ենք թողնում այս անգամ։ Ես համարեցի մեկիկ-մեկիկ, երեխաներ, ծերեր, հղի կանայք։ Ուղիղ հարյուր և ինսունինը։ Մեկն է պակասում, միայն մեկը։ Մի գիշերվա մեջ, միայն մի գիշերվա մեջ: Ցրտից, սովից, հոգնածությունից, վշտից։ Բայց մեկը չպիտի պակսե։ Այն պետք է լրացնել։ (Գնում է դեպի ձախ և չքանում):
ՏԵՍԻԼ 6
ՆՈԻՅՆՔ առանց ԱԼԻՇԱՆԻ
ՏԻՐԱՆ. Ի՞նչ է պատահել այդ մարդուն։ Նրա դեմքը տարօրինակ է։
ՀՐԱԶԴԱՆ․ Խելագար քահանայի անեծքը շատ խորն է ազդել նրա վրա: (Բեմի հետևից լսվում է ատրճանակի պայթյուն):
ԴԱՆԻԵԼ. (Ցնցվելով). Քուրդերը։ ԿԱՆԱՅՔ և ԵՐԵԽԱՆԵՐ (Ցնցվում են):
ՀՐԱԶԴԱՆ. Մի վախենար։ Քուրդերը չեն հանդգնի հարձակվել ինձ վրա։
ՏԻՐԱՆ. (Շտապով գնում է դեպի ձախ և իսկույն ետ գալիս տխուր):
ՀՐԱԶԴԱՆ. Ի՞նչ է պատահել։