պարզ գույնի մազերով, երեսի ճերմակ մաշկով աղջիկ է, բավական սիրուն: Հագնված է տակավին ոչ վերջին մոդայով, թեև շատ հարուստ): Մամա՛, գլխարկը լավ չես դրել։ Մամա՛, կաց, թող ուղղեմ։ (Մոտենում է Նազանուն և աշխատում անկանոն թափված մազերն ու ժապավենները ուղղել):
ՄԻՔԱՅԵԼ. (Սրտմտությամբ և ծաղրով): Հա՜ա հա՛, հենց այդ է, չափած կտրած մամզել ես Սարաթովից կամ Սամարայից։ Աչքս լո՜ւյս։
ՆԱԶԱՆԻ. (Վշտացած): Լավ, լեզուդ քեզ պահիր երեխաների մոտ:
ՄԱՏԹԵՈՍ. Մամա՛, կարծեմ թասակրավն ավելի էր սազում քեզ։
ՀՄԱՅԻԼ. Սխալվում ես, գլխարկը մամային ավելի է սազում, միայն այդ կանաչ կարմիր ժապավեններն ավելորդ են: Մերի՛, թող, այդպես չի կարելի։ Մամա՛, գնանք բուդուար։ Հարկավոր է մազերդ նորից սանրել։
ՆԱԶԱՆԻ. Հա, Ամալյա՛, գնանք, օգնիր ինձ։ (Գնում է աջ կողմի դռներով):
ՀՄԱՅԻԼ. (Մեկուսի՝ Մարիամին): Ես իմ հագուստի փողն ստացա. կարող ես, դու էլ քո հոգսը տես։ (Գնում է աջ կողմի դռներով):
ՏԵՍԻԼ 5
ՄԻՔԱՅԵԼ, ՄԱՏԹԵՈՍ և ՄԱՐԻԱՄ
ՄԻՔԱՅԵԼ. (Մարիամին): Հը՛, կարելի է քեզ էլ է մի բան հարկավոր։
ՄԱՐԻԱՄ. Պապա, Մյուլմանը իմ պատվիրած նոր ջութակն ստացել է։
ՄԻՔԱՅԵԼ. Ես ի՞նչ անեմ, որ ստացել է։
ՄԱՐԻԱՄ. Պետք է փողը վճարել ու ջութակը վերցնել:
ՄԻՔԱՅԵԼ. Ի՞նչքան պետք է վճարել:
ՄԱՐԻԱՄ. Երեք հարյուր ռուբլի։