Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/380

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՄԻՔԱՅԵԼ. Ըմբո՜։ Երեք հարյուր մանեթ մի քյամանչու համա՞ր։


ՄԱՏԹԵՈՍ. (Ծիծաղում է): Քյամանչա՜։

ՄԱՐԻԱՄ. Պապա՛, ի՞նչ ես ասում, ջութակը քյամանչա չէ։

ՄԻՔԱՅԵԼ. Միևնույն է, քյամանչան ծնկան վրա են ածում, ջութակը ուսի վրա, էությունը միևնույնն է։ Ես մի կտոր փայտի համար երեք հարյուր մանեթ տալ չեմ կարող։

ՄԱՐԻԱՄ. Պապա՛, տուր, ամոթ է, ուսուցիչս կծաղրե մեզ։

ՄԻՔԱՅԵԼ․ Գնա, քո ուսուցչի էլ հերն անիծեմ։ Երկու տարի է գալիս է, ծը՝վհա՝ծը՝վ ճը՝վհա՝ճը՝վ, ոչինչ չի դուրս գալիս։ Գնացեք երկուսդ էլ՝ քույր ու եղբայր։ Սուրբն իմն է, զորությունը ես գիտեմ։ Ոչ քեզնից քյամանչա ածող կլինի, ոչ էլ դրանից օպերա երգող։ Հեռացեք, թողեք գործս վերջացնեմ։

ՄԱՐԻԱՄ. (Նստում է գրասեղանի քով): Ես չեմ կարող հեռանալ, մինչև որ երեք հարյուր ռուբլի չստանամ։

ՄԱՏԹԵՈՍ. (Մեկուսի՝ Մարիամին): Լա՛ց եղիր, լաց եղիր, կամ եթե կարող ես, ուշաթափվի՛ր։

ՄԱՐԻԱՄ. Պապա, սպասում եմ։

ՄԻՔԱՅԵԼ. (Ձևանալով, թե չի լսում Մարիամին, գրում է): «Ժողովուրդ, մի բան էլ ասեմ, լսիր, ինչպես մարդն աշխատանքով է մարդ դառնում, այնպես էլ ազգն աշխատանքով կարող է ազգ դառնալ։ Աշխատենք հաա՜, աշխատենք»։ (Մեկուսի): Կարծեմ այս մեկը լծկան եզից էլ լավ է։ Շարունակենք։ (Մտածում է):

ՄԱՐԻԱՄ. Պապա՛, երեք հարյուր ռուբլին։

ՄԻՔԱՅԵԼ. (Մի բան գրել է, ջնջում է): Չէ՛, այս մեկը ջնջենք։ Այնքան բազմության մեջ թյունի-մյունի բաներ խոսել չի կարելի։

ՄԱՐԻԱՄ. Պապա՛, ես սպասում եմ։

ՄԱՏԹԵՈՍ. (Մեկուսի՝ Մարիամին): Ծվծվա՛, ծվծվա:

ՄԻՔԱՅԵԼ. (Շարունակելով չլսող ձևանալ): Հը, այսպես լավ է։

ՄԱՐԻԱՄ. (Կեղծ լալիս է): Աա՜, աա՜, աա՜,

ՄԻՔԱՅԵԼ. (Ականջները փակում է):

ՄԱՏԹԵՈՍ. (Մեկուսի՝ Մարիամին): Բա՛րձր, բա՛րձր։

ՄԱՐԻԱՄ. (Ավելի բարձր): Աա՜, աա՜, աա՜։