ՄԻՔԱՅԵԼ. (Գրիչը ձգում է սեղանի վրա, ձեռները ծալում կրծքի վրա ու նայում Մարիամին):
ՄԱՐԻԱՄ. (Շարունակում է լալ):
ՄԻՔԱՅԵԼ. Լսո՞ւմ եք, լսո՞ւմ եք այդ մուզիկը։ Դե գնա ու այս դրության մեջ ազգին ծառայիր։ Հնար չկա, հնար չկա։ Դե լավ, հերիք է, քի՛չ ծվծվա։ Ըհը, այս էլ քեզ։ (Դուրս է բերում սեղանի արկղիկից երեք հարյուր ռուբլի և տալիս է Մարիամին): Վերցրո՛ւ, էլ փող չմնաց, վերջացավ։
ՄԱՐԻԱՄ. (Թաշկինակով չեղած արցունքը սրբելով, դրամը վերցնում է ու թաքցնում):
ՏԵՍԻԼ 6
ՆՈՒՅՆՔ, ՆԱԶԱՆԻ և ՀՄԱՅԻԼ, որ գալիս են աջ կողմի դռներով:
ՆԱԶԱՆԻ. Ա՛յ, հիմա տեսեք։ Կարծեմ, էլ պակասություն չկա։
ՄԱՐԻԱՄ. Այո՛, մամա, հիմա ամեն բան կարգին է։ (Փողը ցույց է տալիս Հմայիլին պարծանքով):
ՆԱԶԱՆԻ. (Կանգնելով հայելու առջև): Հը, ի՞նչպես ես հավանում քո Նազաննա Բողգանովնային, Միխայիլ Պավլովիչ։
ՄԻՔԱՅԵԼ. (Ձեռը շարժում է հուսահատորեն):
ՏԵՍԻԼ 7
ՆՈԻՅՆՔ և ԳԵՎՈՐԳ
ԳԵՎՈՐԳ. (Գալիս է խորքի դռներով: Թեթևսոլիկ հագնված պատանի է՝ մազերը սանրած անգլիական ձևով): Ամենքդ այստե՞ղ եք, այդ լավ է։ Լսեցեք, կիրակի օրը ես թռչում եմ։
ՄԻՔԱՅԵԼ. (Մեկուսի): Հիմա էլ դա։
ՀՄԱՅԻԼ․ ՄԱՐԻԱՄ ԵՎ ՄԱՏԹԵՈՍ. Թռչո՞ւմ ես։
ԳԵՎՈՐԳ. Թռչում եմ։
ՆԱԶԱՆԻ. Այդ ո՞րտեղից ես թռչում։
ԳԵՎՈՐԳ. Երկինք։
ՄԻՔԱՅԵԼ. Ըմբո՛, այդ ե՞րբ ծիծեռնակ դարձար։