ՏԵՍԻԼ 8
ՆՈԻՅՔ և ԳՐԻԳՈՐ. հետո ՍՈՖԻԿ
ԳՐԻԳՈՐ. (Գալիս է խորքի դռներով: Պարզ հագնված, զվարթ դեմքով, անփույթ ձևերով երիտասարդ է, գեր, առողջ): Ըհը, էլի ընտանեկան սրտաշարժ ժողով։ Ի՞նչ եք ուզում այդ մարդուց, աա՞, ի՞նչ եք ուզում։ Չե՞ք թողնելու, որ իր գործով զբաղվի։
ՄԻՔԱՅԵԼ. Լսո՞ւմ եք, գիժ է, բայց ձեզանից էլ խելոք է։ Ասա՛, որդի, ասա։
ԳՐԻԳՈՐ. Հապա, հեշտ բա՞ն եք համարում ազգին ծառայելը։ Մարդը կիրակի օրը նախագահ պիտի լինի։ Ամբողջ քաղաքն է սպասում նրա խոսքին։
ՄԻՔԱՅԵԼ. Ըմբո՛, դո՞ւ որտեղից գիտես, որ ես նախագահ պիտի լինեմ։
ԳՐԻԳՈՐ. (Ուշադրություն չդարձնելով Միքայելի հարցին): Գիտե՞ք ինչ ասել է նախագահ, օհո՛, հո՜, պռեդսեդատե՛լ, հանաք բան չիմանաք։ (Նոր նկատելով Նազանու գլխարկը): Մայրի՜կ, շլյապս ես դրե՜լ։ Բոնժուռ, մադամ Նազանի, կոմա՞ն սա վա։ (Նկատելով Հմայիլի հագուս՛տը): Օհո՛, այստեղ մտիկ արեք, քույրս դարձել է փչա տկճոր։ Մատ չխփեք, կարող է տրաքել, հե՜, հե՜, հե՜։ (Բարձրաձայն ծիծաղում է): Ինչի՞ է նման, տեր աստված: (Պիջակի փեշերը ժողովելով, քայլում է Հմայիլի պես): Տիպլի֊տիպիլ, տիպլի֊տիպիլ, տիպլի֊տիպիլ։
ՀՄԱՅԻԼ. (Վիրավորվելով): Գնա՛, կորիր գիժ։
ՄԱՏԹԵՈՍ. Նա հարբած է։
ԳՐԻԳՈՐ. Ցավում եմ, որ հարբած չեմ, թե չէ մի լավ կշշպռեի ամենքիդ։ Դրանց նայեցեք, ի սեր աստծու, առիստոկռատկա։ Մայրիկ, ուղիղն ասած քեզնից չէի սպասում այդպիսի սալտո մորտալ։ Գլխարկը քեզ այնքան է սազում, որքան օպերան այդ զուռնաչուն։ (Ցույց է տալիս Մատթեոսին և դառնում է դեպի նա): Մաթո՛ս, լսել եմ Իտալիա ես գնում։ Շնորհավորում եմ։ Զգույշ, որ ձայնդ ճանապարհին չմրսե, թե չէ գեղարվեստը մեծ կորուստ կունենա։ Երևելի ձայն է։ Ինչ ասես կա նրա մեջ,