Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/385

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԳՐԻԳՈՐ. Ո՛չ, փող հարկավոր չէ։ Երեկ բիլիարդում հիսուն ռուբլի եմ տարել, առժամանակ բավական է ինձ համար։ Ես ուզում եմ խնդրել, հայրի՛կ, որ դու կիրակի օրվա ժողովում ճառ չարտասանես։

ՄԻՔԱՅԵԼ. Ինչո՞ւ:

ԳՐԻԳՈՐ. Որովհետև վախենում եմ, որ դու քո ճառով տապալվես ու մեզ էլ խայտառակես։

ՆԱԶԱՆԻ. Ինչ ես ասում, ա տղա։

ՄԱՏԹԵՈՍ. Ինքն էլ չգիտե, ինչ է ասում։

ՄԻՔԱՅԵԼ. Ադա, խե՞ պիտի տապալվեմ ու ձեզ խայտառակեմ, խե՞։

ԳՐԻԳՈՐ. Մի՛ նեղանար, հայրի՛կ, գիտես, որ ես թեև գիժ եմ, բայց քեզ սիրում եմ ու չէի կամենա, որ դու մի անգամ էլ անեկդոտների ու ծաղրի առարկա դառնաս։

ՄԻՔԱՅԵԼ. Մի անգա՞մ էլ, ուրեմն ինձ ծաղրո՞ւմ են։

ԳՐԻԳՈՐ. Այո, հայրիկ, ծաղրում են այն օրից, երբ դու եպիսկոպոսի մոտ մի ինչ-որ ժողովում ճառ ես ասել։ Այժմ էլ քո ասածները կլուբում մարդիկ կրկնում են ու ծիծաղում։

ՄԻՔԱՅԵԼ. (Հանկարծ կատաղում է): Դե դո՛ւրս, անպատկառ, դո՛ւրս այստեղից, անամոթ։ Ես ճառեր ասել եմ, պիտի ասեմ ու օրես դենը ամեն տեղ էլ ասելու եմ։

ՆԱԶԱՆԻ. Որ ծաղրում են, ինչո՞ւ ես ասում։

ՀՄԱՅԻԼ ԵՎ ՄԱՐԻԱՄ. Պապա՜:

ՄԻՔԱՅԵԼ. (Ավելի կատաղելով): Ասելու եմ, թեկուզ ամենքդ ձեր վզովը թոկ գցեք ու խեղդվեք։

ԳՐԻԳՈՐ. Դու գիտես, հայրիկ, ես իմ պարտքը կատարեցի:

ՄԻՔԱՅԵԼ. Գնացե՛ք, կորեք այստեղից ամենքդ։ Ինձ են ուզում խելք սովորեցնել։ Ես ձեզ նմաններին հարյուր անգամ ծարավ աղբյուրը կտանեմ ու հարյուր անգամ էլ ծարավ ետ կբերեմ։ (Բարկացած գնում է աջ կողմի դռներով):

ԳՐԻԳՈՐ. Մանավանդ այս ոչխարին։ (Ցույց է տալիս Մատթեոսին):

ՄԱՏԹԵՈՍ. Լի՜րբ։