ՏԵՍԻԼ 12
ՆՈՒՅՆՔ և ԱՅՎԱԶ
ԱՅՎԱԶ․ (Շտապով եկել է ձախ կողմի երկրորդ դռներով և զարմացած նայում է հերթով յուրաքանչյուրին)։
ՄԻՔԱՅԵԼ. Ադա, Այվազ, իսկույն ափթամաբիլ նստիր ու գնա մի բժիշկ բեր։ Ով որ լինի՝ բեր։ Երկու բժիշկ բեր, երեքը, չորսը, հինգը։ Քաղաքի բոլոր բժիշկներին հավաքիր բեր։ Մի երկու անասնաբույժներ էլ բեր։ Շո՛ւտ, շո՛ւտ, գնա։
ՆԱԶԱՆԻ. Ես բժիշկ չեմ ուզում։
ՀՄԱՅԵԼ. Ի՛նձ էլ հարկավոր չէ բժիշկ։
ՄԱՐԻԱՄ. Ի՛նձ էլ։
ԳԵՎՈՐԳ. Ի՛նձ էլ։
ՄԱՏԹԵՈՍ. Ի՛նձ էլ։
ԳՐԻԳՈՐ. Ի՛նձ էլ։
ՄԻՔԱՅԵԼ. Հաա՞, հարկավոր չէ։ Դե լավ, տանջվեցեք։ (Այվազին): Ադա՛, հեռացի՛ր, հարկավոր չէ՛։ Ք՛ող տանջվեն։
ԱՅՎԱԶ․ (Գլուխը տարակուսանքով շարժելով գնում է ձախ կողմի երկրորդ դռներով):
ՏԵՍԻԼ 13 ՆՈՒՅՆՔ, ԱՌԱՆՑ ԱՅՎԱԶԻ
ՆԱԶԱՆԻ. Կտանջվենք, իհարկե, քեզ համար ի՛նչ։ Դու ուրախ կլինես, որ ամենքս կոտորվենք։
ՀՄԱՅԵԼ. Որ մեզանից ոչ ոք կենդանի չմնա։
ՄԱՏԹԵՈՍ. Որպեսզի հարստությունդ կտակես ազգին։ Գիտե՛նք, գիտենք ամեն բան։