Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/398

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԳՐԻԳՈՐ. (Մեկուսի): Այդ տխմարն ամեն բան փչացնելու է։

ՀՄԱՅԻԼ. Գնա՛, է՛լի, գնա ժողով՝ ճառ ասա, փողերդ տուր սրան ու նրան ու մեզ քաղցած թող։

ՆԱԶԱՆԻ. Որ մահիցդ հետո մնանք չոր տափին և դռնե դուռ ողորմություն հավաքենք։

ԳՐԻԳՈՐ. (Մեկուսի): Տեր մեղա քեզ, աստվա՛ծ։

ՄԱՏԹԵՈՍ. Եվ ինչո՞ւ։ Բոլորը փառքի համար։ Որպեսզի անունդ տպվի լրագրերում և ամենքը փառաբանեն քեզ իբրև բարերարի։

ԳՐԻԳՈՐ. (Մեկուսի): Բոլորովին փչացրեց հիմարը, բոլորովի՜ն:

ՄԻՔԱՅԵԼ. (Ուշադիր լսել է ամենքին և խորհել: Ձեռը զարկում է ճակատին և մեկուսի): Աաա՜, հասկացա դրանց միտքը, հասկացա։ Սպասեցեք, ես ձեր գլխին մի օյին բերեմ, որ ձեր ցավերը մոռանաք։ (Հանկարծ երկու ձեռները սեղմելով կրծքին, բարձր): Ա՛յ, ա՛յ, ա՛յ, կո՜ւրծքս, կո՜ւրծքս, կոկո՜րդս։ (Նստում է բազկաթոռներից մեկի վրա, թուլացած): Աչքերս մթնում են։ Ջո՜ւր, ջո՜ւր։

ԱՄԵՆՔԸ. (Վախեցած): Ի՜նչ պատահեց, ի՜նչ պատահեց։ ՄԻՔԱՅԵԼ. Հարված, հարված։ Մեռնում եմ։ Ջո՜ւր, տերտե՜ր, նատարիո՜ւս։

ԳԵՎՈՐԳ. (Մոռանալով ոտնացավ՝ վազում է խորքի դռներով և իսկույն զալիս է մի շիշ ջուր և մի բաժակ բերելով):

ԱՄԵՆՔԸ. (Շրջապատում են Միքայելին՝ շփոթված):

ՄԻՔԱՅԵԼ. Հեռո՛ւ կացեք, շունչս կտրվում է, օդ չկա, խեղդվո՜ւմ եմ։

ՄԱՐԻԱՄ. (Ջուրը մատուցանելով): Պապա՛, ջուր։ (Թաշկինակը ծնոտի վրայից վերցնելով դեն է ձգում):

ՀՄԱՅԵԼ ԵՎ ՄԱՏԹԵՈՍ. Ջ՛ուր, պապա՛, ջուր խմիր։

ՄԻՔԱՅԵԼ. (Մի քանի ումպ ջուր խմելով): Ա՜հ, ա՜հ, սի՜րտս: Լավ թողեք, որ մեռնեմ հանգիստ։ Բայց ո՛չ, ո՛չ, դեռ կտակս գրել չեմ տվել։ Նատարիո՛ւս, տերտե՛ր, վկաներ։ Ո՛չ, ո՛չ հարկավոր չէ։ Ես ինքս կգրեմ, կարող եմ գրել: Տվեք ինձ թուղթ, թանաք, գրիչ։

ՄԱՏԹԵՈՍ. (Շտապով գնում է ձախ կողմի առաջին դռներով