և իսկույն ետ է գալիս՝ բերելով թուղթ, թանաք և գրիչ):
ՄԻՔԱՅԵԼ. Ի՜նչ արած, աստծու կամքն է։ Մի՛ տխրեք, ամենքըս մեռնելու ենք։ Մահը մերն է, մենք մահինը։ Բավական է ինչքան ապրել եմ։ Ներեցեք, եթե ձեզ նեղություն եմ տվել։ Տե՜ր, մեղա՜ քեզ։ Օրհնում եմ ձեզ. Հա՛, տուր ինձ այդ գրիչը։ Երկու խոսք, երկու խոսք միայն։ (Գրիչը վերցնում է):
ՄԱՏԹԵՈՍ. Ուզում ես, պապա՛, դու թելադրի, ես կգրեմ։
ՄԻՔԱՅԵԼ. Ո՛չ, ոչ, ես ուզում եմ իմ ձեռքով գրել։ Մուշեղ Մուշկամբարյանցը իսկույն կգա։ Ես կապրեմ մինչև նրա գալը, կտակս կհանձնեմ նրան ու հոգիս կփչեմ։ Այո, կփչեմ տանջված, տառապած հոգիս։ (Գրում է): Անուն հոր և որդվո և հոգույն սրբո։ Մեռնելով աստծու կամքով, ես՝ Միխայել Պավլովիչ Մելիք-Բուռնությանցս, ամբողջ կարողությունս, փողերս, տներս, ակցիաներս, տոկոսաբեր թղթերս, մի խոսքով ինչ որ ունեմ-չուն եմ, կտակում եմ...
ՄԱՏԹԵՈՍ. Ո՜ւմ, ո՜ւմ, ում ես կտակում։
ԳՐԻԳՈՐ. Սպասի՛ր, հիմար։
ՀՄԱՅԻԼ. Բայց ո՜ւմ է կտակում, ո՜ւմ։ Նա գրեց։
ՄԻՔԱՅԵԼ. Կտակում եմ Հայոց բարեգործական ընկերությանը...
ԱՄԵՆՔԸ՝ ԲԱՑԻ ԳՐԻԳՈՐԻՑ. (Հիասթափված և վրդոհված): Աա՜ա։
ՄԻՔԱՅԵԼ. (Շարունակում է)։ «Կտակում եմ, որ ընկերությունն իմ անունով բաց անե ուսումնարաններ գյուղերում ու քաղաքներում, ամեն տեղ»։
ՆԱԶԱՆԻ. Ի՜նչ ես անում, մա՛րդ։
ՀՄԱՅԻԼ ԵՎ ՄԱՐԻԱՄ. Պապա՛, պապա՞։
ԳԵՎՈՐԳ. Պապա՛ ։
ԳՐԻԳՈՐ. (Մեկուսի ծիծաղելով): Հասկացա՞։
ՄԻՔԱՅԵԼ. (Շարունակում է՝ ուշադրություն չդարձնելով ոչ ոքի վրա): Բայց կտակում եմ, որ այս միևնույն տունը կտակակատարս շինի հիվանդանոց, այսինքն լազարեթ իմ կնոջ ու զավակների համար և այնտեղ պահե մինչև առողջանալը։