ՄՈՒՇԵՂ. Ձեր ձեռքից, Միխայել Պավլովիչ, շատ բան կարող է գալ, շատ բան, եթե կամենաք։
ԳՐԻԳՈՐ. (Վարագույրի ետևից): Մանավանդ, եթե ճառ էլ ասես։
ՄՈՒՇԵՂ. Այսօրվա ժողովն արտաքո կարգի է շինելու։ Հասարակությունն անչափ հետաքրքրված է, որ դուք որոշել եք այսուհետև ձեզ նվիրել ազգին։ Ամենքը անհամբեր սպասում են տեսնելու ձեր նախագահությունը, մանավանդ լսելու ձեր խոսքը։
ԳՐԻԳՈՐ. (Վարագույրի ետևից): Պա՛, պա՛, պա՛ պա՜:
ՄԻՔԱՅԵԼ. Իմ խո՞սքը։ Ուրեմն ես պիտի խոսեմ, է՛լի։
ՄՈՒՇԵՂ. Այո՛, իհարկե։ Երբ ձեզ միաձայն նախագահ կնարենք, դուք, հայտնելով ձեր շնորհակալությունը՝ կասեր մի քանի խոսք և կհայտնեք ձեր վերաբերմունքը դեպի ազգը առհասարակ և դեպի մեր ընկերությունը մասնավորապես։
ՄԻՔԱՅԵԼ. Լավ, ես թեև խոսելու վարպետ չեմ, բայց եթե ոգևորություն լինի, մի քանի խոսք կասեմ գյոշտյան գյալմա։
ՄՈՒՇԵՂ. Այդ ի՞նչ բառ է, չհասկացա։
ՄԻՔԱՅԵԼ. Գյոշտան գյալման՝ ասել է կրծքից եկած, հանկարծ, ոնց որ աշուղն է ասում։
ՄՈՒՇԵՂ. Հասկացա։ Հանպատրաստից, այո՞։
ՄԻՔԱՅԵԼ. Հաա՛ հա, լավ ասացիք, անպատրաստից։ Պատրաստած խոսքը համ չունի։
ԳՐԻԳՈՐ. (Վարագույրի ետևում ծիծաղը չի կարողանում զսպել փռթկում է):
ՄԻՔԱՅԵԼ. (Ցնցելով). Այդ ինչ էր: (Նայում է աջ ու ձախ):
ՄՈՒՇԵՂ. (Աջ ու ձախ նայելով): Կարծեմ կատու փռշտաց։
ՄԻՔԱՅԵԼ. Հա, կատու կլինի։ (Բարձր): Փի՛շտ, փի՛շտ:
ՄՈՒՇԵՂ. Հետո, Միխայել Պավլովիչ, մնում է մի բան, այն էլ կասեմ, գնանք։
ՄԻՔԱՅԵԼ. Ասացեք։
ՄՈՒՇԵՂ. Կխնդրեի, որ թույլ տաք ինձ այսօրվա ժողովում հայտարարել ձեր նվիրատվության մասին՝ ժողովականների բարի նախանձը շարժելու համար: