ՄԻՔԱՅԵԼ. Ի՞նչ նվիրատվության մասին եք խոսում.
ՄՈՒՇԵՂ. Այսինքն այն գումարի մասին, որ դուք որոշել եք տալ մեր ընկերությանը։ Ես համոզված եմ, որ այդ գումարը բավական մեծ է և դուք արժանանալու եք ժողովականների բուռն ծափահարություններին ու հիացմանը։ Հարկավոր է միայն քանակությունն իմանալ։
ՄԻՔԱՅԵԼ. Հաա, հասկացա։
ԳՐԻԳՈՐ. (Վարագույրի ետևից): Խե՜ղճ մարդ։
ՄԻՔԱՅԵԼ. Ձեր անդամավճարը ինչքա՞ն է։
ՄՈՒՇԵՂ․ Մեր անդամավճարը ոչինչ բան է, չարժե նրա մասին խոսել։
ՄԻՔԱՅԵԼ․ է՛լի։
ՄՈՒՇԵՂ․ Տարեկան անդամավճարն է հինգ ռուբլի, մշտականը մի հարյուր ռուբլի, պատվավորը մի հազար ռուբլի։
ՄԻՔԱՅԵԼ. (Բավական ժամանակ մտածելուց հետո): Կարող եք ինձ գրել մշտական անդամ։ Ահա փողն էլ այս գլխից տալիս եմ։ (Դուրս է բերում գրպանից մի հարյուրանոց և դնում է Մուշեղ Մուշկամթարյանցի առջև):
ԳՐԻԳՈՐ. (Վարագույրի ետևից գլուխը դուրս է բերում ու նայում է):
ՄՈՒՇԵՂ․ (Ապշած նայում է մերթ հարյուրանոցին, մերթ Միքայելին):
ՄԻՔԱՅԵԼ. Վերցրեք, արդար քրտինքով աշխատած փող է։
ՄՈՒՇԵՂ․ Միխայել Պավլովիչ, ճշմարիտն ասած, ես այդ չէի սպասում ձեզնից։ Միայն հարյուր ռուբլի՞ եք նվիրում մեր ընկերությանը։
ՄԻՔԱՅԵԼ. Հարյուր ռուբլին քիչ փող չէ, պարոն Մուշկամբարյանց։ Ես որ այս քաղաքը եկա, հարյուր չէ, հիսուն ռուբլի էլ չունեի։
ՄՈՒՇԵՂ․ Գոնե հազար ռուբլի տայիք, պատվավոր անդամ գրվելով։
ՄԻՔԱՅԵԼ. Այ, այդ մեկը ձեր կանոնադրության մեջ ինձ դուր չեկավ։ Պատվավորս կամ անպատիվս ո՞րն է։ Ուրեմն որ ես հազար ռուբլի չեմ տալիս, անպատի՞վ անդամ եմ։