Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/404

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԳՐԻԳՈՐ. (Վարագույրի ետևից): Օհո, կեցցե՛ս, հայրի՛կ:


ՄՈՒՇԵՂ. Ոչ, իհարկե, անպատիվ չեք, բայց պատվավորը մի անուն է, տիտղոս, ինչպես օրինակ, բեկ, խան կամ իշխան:

ՄԻՔԱՅԵԼ. Չէ՛,պարոն Մուշկամբարյան, ես համեստ մարդ եմ, այդ տեսակ անուններից փախչում եմ: Բայց քանի որ հարյուր ռուբլին քիչ եք համարում, համեցեք մի կատինկա էլ ստացեք: (Տալիս է մի հարյուրանոց ևս): Բայց իմացեք, որ ձեր խաթրու եմ տալիս հաա՜, ուրիշը լիներ, չէի տալ:

ՄՈՒՇԵՂ. (Դժվարությամբ վերցնելով հարյուրանոցները, մեկուսի): Ինչպես տեսնում եմ այդ խոզից մի մազ պոկելն էլ մեծ բան է:

ՄԻՔԱՅԵԼ. (Մեկուսի): Ինչպես տեսնում եմ ազգին ծառայելն էժան չի նստելու ինձ:

ՄՈՒՇԵՂ. (Վեր կենալով): Դե գնանք, պարո՛ն Միքայել, արդեն Ժամանակն է:

ՄԻՔԱՅԵԼ. Գնանք: Առաջ ընկեք:

ՄՈՒՇԵՂ. (Մեկուսի): Արի ու այդ անասունին տար ու երկու հարյուր ռուբլու համար փաթաթիր ազգի վզին: (Գնում է աջ կողմի երկրորդ դռներով):

ՄԻՔԱՅԵԼ. (Մի քանի վայրկյան հապաղելով, շտապով դուրս է բերում գրպանից գրած ճառը, աչքի է անցկացնում և նորից դնում է գրպանը): Չէ՛, մոռացել չեմ: (Գնում է աջ կողմի երկրորդ դռներով):


ՏԵՍԻԼ 15




ԳՐԻԳՈՐ մենակ, հետո ՆԱԶԱՆԻ, ՀՄԱՅԻԼ, ՄԱՐԻԱՄ, ԳԵվՈՐԳ և ՄԱՏԹԵՈՍ



ԳՐԻԳՈՐ. (Դուրս է գալիս վարագույրի ետևից՝ բարձր ծիծաղելով): Հա հա հա՜, հա հա հա՜, վա՛յ, փորս տրաքվեց, հա հա հա՜: Ա՛յ քեզ առատաձեռնություն, ա՜յ քեզ բարերար և ազգային գործիչ: Կոմիկ է հայրիկս, կոմիկ, երկու հարյուր ռուբլի: (Դադարում է ծիծաղել): Եկեք մի քիչ վախեցնեմ նրանց: (Բարձր ձայնով, վազելով այս