Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/405

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ու այն կողմ): Քանդվեցի՛նք, սնանկացա՛նք, աղքատացա՛նք։ Մայրի՛կ, Հմայի՛լ, Մարիա՛մ, զուռնաչի Մաթոս, չորդ Պիմպեռլե՛։ Արիստոկրատնե՛ր և ջենտլմեննե՛ր, եկեք այստե՜ղ։

ՆԱԶԱՆԻ, ՀՄԱՅԵԼ ԵՎ ՄԱՐԻԱՄ. (Շտապելով գալիս են աջ կողմի դռներով): Ի՞նչ կա, ի՞նչ պատահեց։

ՄԱՏԹԵՈՍ ԵՎ ԳԵՎՈՐԳ. (Շտապով գալիս են խորքի դռներով): Ի՜նչ պատահեց։

ԳՐԻԳՈՐ. Ողբացե՛ք, մոխիր սփռեցեք ձեր գլխին։ Հայ ազգը մեզ կողոպտե՛ց, ազգասերները մեր տունը քանդեցին, մեզ աղքատացրի՛ն, կորա՛ն մեր միլիոնները, ջուրն ընկավ մեր ժառանգությունը։

ԱՄԵՆՔԻ. (Շփոթվում են և իրար նայում):

ՆԱԶԱՆԻ. Հայրդ գժվե՞ց։

ԳՐԻԳՈՐ․ Գժվեց և ինչպե՜ս։ Եթե ասեմ, ամենքդ կուշաթափվեք ու կլաքաշվեք հատակի վրա՝ ջրից դուրս ձգված լոքոների պես։ Ի՜նչ արավ այդ մարդը, տե՜ր աստված, ի՜նչ արավ։ Խե՜ղճ մայր, ինչո՜ւ ծերության հասակում չիքիլադ դեն գցեցիր. այսուհետև իՆչո՜վ պիտի թանկագին շլյապաներ գնես։ Խե՜ղճ Հմայիլ, ով պիտի օրես դենը հարյուրներ ու հազարներ վճարե քո դերձակուհիներին ու մագազիններին։ Խե՜ղճ Մարիամ, ո՜ւր է ջութակըդ, ջարդ ու փշուր արա, դեն գցիր, ապագադ խորտակվեց և գեղարվեստը զրկվեց մի հազվագյուտ հանճարից։ Իսկ դու, զուռնաչի՛ Մաթոս, ո՞վ պիտի քեզ փող տա Իտալիա գնալու, ինչո՜վ պիտի մշակես քո աստվածային հրաշալի ձայնը, որ այնքան նման է կոտրված վեդրոյի ձայնին։ Ասա. մնա՜ս բարով, օպերա, մնացեք բարո՜վ գինձի ու կոտեմի փնջե՛ր, փտած տանձե՛ր ու խնձորնե՛ր, թթու դրած վարունգներ, կալոշի թայեր, բոլո՜ր, բոլո՜ր այն նվերները, որ պիտի ստանայիր քո երկրպագուներից։ Դու էլ լաց եղիր, ողբ կարդա, Բուռնութանց Մուքելի որոի լորդ Պիմպեռլե։ Աերոպլանով էիր ուզում թռչել երկինք, մնացիր գետնի վրա, չոր տափին։

ՆԱԶԱՆԻ. Հոգիս բերանս բերիր, ասելու ե՜ս, թե՞ չէ։

ՀՄԱՅԻԼ. Նա հանաք է անում։