ես հավատում եմ, որ դու մեզ պետք է փրկես, թե չէ հորդ հանքերի վրա հույս չունեմ։
ԺՈՐԺ. Հոգ մի արա, մամա, քաղցած չենք մնալ։ (Մեկուսի)։ Եթե մի երկու թուղթ կխփեմ, այս կոմեդիան ինձ կներվի։ (Քայլերն ուղղում է դեպի խորքի ձախակողմյան դուռը և հանդիպում է Լիդիային): Ի՞նչ է պատահել, հուզված ես։
ԼԻԴԻԱ. (28—30 տարեկան կին է, համեստ հագնված)։ Ստյոպան այստեղ չի՞ եկել։
ՄԱԳԹԱՂԻՆԵ. Այսօր չի եկել։
ԼԻԴԻԱ. Երե՞կ։
ՄԱԳԹԱՂԻՆԵ. Ոչ էլ երեկ։
ԼԻԴԻԱ. (ժորժին): Դու նրան չե՞ս հանդիպել։
ԺՈՐԺ. Ոչ, բայց գիտեմ այժմ որտեղ է։
ԼԻԴԻԱ. Որտե՞ղ է։
ԺՈՐԺ. Կոլոնիալ կլուբում։
ԼԻԴԻԱ. Ուրեմն էլի՞ խաղում է։ Ահա ինչու երեկ առավոտից տուն չի եկել։ Ահ, անիծվեն ձեր կլուբները։
ԺՈՐԺ. Մեդամ, ես շտապում եմ, au revoir (արագ քայլերով գնում է խորքի ձախակողմյան դռնով):
ՏԵՍԻԼ 3
ՄԱԳԹԱՂԻՆԵ և ԼԻԴԻԱ
ՄԱԳԹԱՂԻՆԵ. Ինչու՞ ես ներվայնացել, միթե նո՞ր բան է, որ Ստյոպան օրերով տուն չի գալիս՝ թղթախաղով զբաղված։
ԼԻԴԻԱ. Այո՛ նոր բան չէ, բայց դու չգիտես, թե նա այժմ ինչ փողերով է խաղում։
ՄԱԳԹԱՂԻՆԵ. (Հետաքրքրված): Հապա, հապա, ի՞նչ փողերով է խաղում։
ԼԻԴԻԱ. Երեք օր սրանից առաջ տիկին Արմուլյանը նրան տվել է իր վերջին ադամանդը ծախելու, և նա մինչև այժմ չի երևում։ Երեկվանից դես խեղճ կինը հինգ անգամ եկել