ՆԱՏԱՇԱ. Իհարկե, լավ կլինի, որ մի երկու հազար ֆրանկ ունենա գրպանում։
ՊԵՏՐՈՍ. (Մեկուսի): Բա՛, քո տունը տերը շինի, լոբի՞ է:
ՆԱՏԱՇԱ. (Ասել է սպասավորին, որ ժորժին կանչե կամարի ետևից):
ՊԵՏՐՈՍ. Կտամ, խի՞ չեմ տալ...
ՆԱՏԱՇԱ. Եթե ձեզ մոտ չկա, ես կտամ։ (Դարձյալ ձևացնում է, թե իբր ուզում է քսակից փող դուրս բերել):
ՊԵՏՐՈՍ. Թող, խնամի, ես փող ունեմ, ունեմ։ (Մեկուսի): Հինգ հարյուր կտամ, կասեմ հազար է։
ԺՈՐԺ. (Գալիս է խորքից): Պապա, ի՞նչ ես հրամայում։
ՊԵՏՐՈՍ. (Տալով մի հինգ հարյուրանոց): Հը, առ քեզ հազար ֆրանկ, գնա, քեփ արա։
ԺՈՐԺ. (Նայելով թղթադրամին): Սխալվում ես, պապա, հազարանոց չէ, այլ հինգ հարյուրանոց։
ՊԵՏՐՈՍ. Որ լավ մտիկ անես, հազարանոց կերևա: (Աչքով նշան է անում ժորժին հեռանալու):
ԺՈՐԺ. Լավ, թող հազարանոց լինի, շնորհակալ եմ։ (Նատաշային առանձին): Այժմ Օսման կլուբում խաղի լավ ժամանակն է։ Ես հավատացած եմ, որ պիտի տանեմ։
ՆԱՏԱՇԱ. Հաջողություն։
ԺՈՐԺ. (Շտապ գնում է աջ կողմի առաջին դռնով):
ՊԵՏՐՈՍ. Ի՞նչ տեղ գնաց։
ՆԱՏԱՇԱ. Գնաց տելեֆոնով հարսնացվի հետ զրույց անելու։ Իմ քրոջ աղջիկը գիշերները չի քնում, մինչև որ Ժորժը նրա հետ տելեֆոնով չխոսի։
ՊԵՏՐՈՍ. Երևում է, որ իրարու շատ են սիրում։
ՆԱՏԱՇԱ. Կպաշտեն կոր զիրար։ Մի շիշ էլ խմե՞նք։
ՊԵՏՐՈՍ. Մեկն էլ, երկուսն էլ, երեքն էլ։ Չալավեկ։
ՆԱՏԱՇԱ. Բայց արտիստներին էլ պիտի հյուրասիրել։
ՊԵՏՐՈՍ. Էդ էլ իմ աչքի վրա։ (Գոռալով): Չալավեկ։
ՆԱՏԱՇԱ. Ես ինքս կկարգադրեմ: (Սպասավորին): Մի շիշ մեզ համար բերեք, երեք շիշ էլ տարեք արտիստների համար։
ՍՊԱՍԱՎՈՐ. (Շտապով հեռանում է պատվերը կատարելու):