Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/472

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ժորժը մինչև հիմա տուն չի եկել, ես վախենում եմ:

ՊԵՏՐՈՍ. Երես ունի՞, որ տուն գա: (Կատաղելով): Ը՜ը, նրա քոքը կտրվի տակից, թյո՜ւ, կատաղությունից խեղդվում եմ: (Արագ-արագ անց ու դարձ է անում, ոտքով ու ձեռքով զարկելով բազկաթոռներին ու սեղաններին):

ՄԱԳԹԱՂԻՆԵ. Հանդարտվիր, ի սեր աստծու: Ասա տեսնեմ, Ստյոպային ինչո՞ւ են տարել ոստիկանատուն:

ՊԵՏՐՈՍ. Հա, մի շան լակոտ էլ էդ քո Ստյոպան է: Ես ի՞նչ գիտեմ ինչու են տարել, ուշքս վրես էր, որ հարց ու փորձ անեի: (Զանգակ):

ՊԵՏՐՈՍ. Հա, էն է լակոտդ եկավ: (Թևերը ետ ծալելով): Ես պիտի մի լավ դնգսեմ նրան: Ձեռներս չպահես, հաա՜: (Դիմում է դեպի խորքի դուռը.. հանդիպում է Լիդիային, ետ է քաշվում խեղճացած): Դո՞ւ ես, Լիդիա ջան, ե՛կ:}}

ՏԵՍԻԼ 2

ՆՈՒՅՆՔ և ԼԻԴԻԱ

ԼԻԴԻԱ. (Շտապով եկել է խորքի ձախակողմյան դռնով, հուզված է, ուշադրություն չի դարձնում հոր վրա): Ա՛հ, ուժ չմնաց: (Նստում է): Ամբողջ գիշեր անքուն, հետո դես ու դեն վազիր, անիծվի այս տեսակ կյանքը:

ՄԱԳԹԱՂԻՆԵ. Գնացի՞ր ոստիկանատուն:

ԼԻԴԻԱ. Գնացի, ոչինչ չկարողացա իմանալ: Կոմիսարն ինձ ասաց. «Տիկին հանգստացե՛ք, համենայն դեպս ձեր ամուսնուն գիլյոտին չի սպառնում»: Ես հարցրի, «ինչո՞ւ համար նրան ձերբակալեցիք»: Նա պատասխանեց. Ահա ինչու համար և ցույց տվեց գրասեղանի վրա դարսած մի թղթե կապոց: Ես ուզեցա այդ կապոցը բաց անել, որ տեսնեմ ինչ է այդ, նա չթողեց: Ես դուրս եկա արտասուքն աչքերիս և գնացի քեռի Արտաշեսի մոտ: Խնդրեցի նրան գնալ կոմիսարիատ, գուցե նրան մի բան ասեն: Մամա, մամա, ավելի լավ չէ՞ր լինի, ես քո տանն աղախին մնայի, քան կյանքս կապեի մի այդպիսի ամուսնու հետ: