ՊԵՏՐՈՍ. (Կամացուկ): Ես էլ այդպես եմ կարծում, էդ Ստյոպան թոկից փախածի մեկն է։
(Զանգակ):
ԼԻԴԻԱ. Ահ, անշուշտ քեռին է, տեսնենք ինչ լուր է բերում։
ՏԵՍԻԼ 3
ՆՈԻՅՆՔ և ԱՐՏԱՇԵՍ
ԱՐՏԱՇԵՍ. (Գալիս է խորքի ձախակողմյան դռնով. Պետրոսին տեսնելով, առանց բարևելու մի երկարատև հանդիմանական հայացք է ձգում նրա վրա):
ՊԵՏՐՈՍ. (Արտաշեսի հայացքից շփոթված, դես ու դեն է նայում, խուսափելով նրանից):
(Պատկերավոր տեսարան):
ԼԻԴԻԱ. (Անհամբեր): Քեռի, տեսնվեցի՞ր կոմիսարի հետ։
ԱՐՏԱՇԵՍ. Տեսնվեցի։
ԼԻԴԻԱ. Նո՞ւ։
ԱՐՏԱՇԵՍ. (Նստում է): Գործն ավելի լուրջ է, քան ես կարծում էի։
ԼԻԴԻԱ. Ուրեմն այսօր Ստյոպային չե՞ն արձակելու։
ԱՐՏԱՇԵՍ. Ստյոպային այդ Սերյոժա Մեզբուրով կոչված անասնի հետ ուղարկեցին բանտ։
ՄԱԳԹԱՂԻՆԵ. Բա՞նտ։
ԼԻԴԻԱ. Բա՞նտ։ (Թուլացած ընկնում է բազկաթոռի վրա):
ՊԵՏՐՈՍ․ Էրի հաա։ (Համարձակվում է խորքից մի քիչ առաջ շարժվել):
ԱՐՏԱՇԵՍ. Ի սեր գործի լրջության, սառնարյուն եղեք և լսեցեք։ Ստյոպան և այդ Սերյոժան բռնվել են արգելված ապրանք ծախելու մեջ—en flagrant délit․
ՊԵՏՐՈՍ․ (Քթի տակ): Ոնց որ ես բռնվեցի։
ՄԱԳԹԱՂԻՆԵ. Դյալի՜․․․
ԱՐՏԱՇԵՍ. En flagrant délit․ ասել է՝ հանցանք գործելու միջոցին, на месте преступления.
ՊԵՏՐՈՍ. (Քթի տակ): Ոնց որ ես բռնվեցի։
ԼԻԴԻԱ. Բայց ի՞նչ արգելված ապրանք է այդ։