Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/474

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԱՐՏԱՇԵՍ. Այն թղթե կապոցը, որ դու տեսել ես կոմիսարի գրասեղանի վրա—կոկային է։

ՊԵՏՐՈՍ. (Քթի տակ արհամարանքով): Փահ, դա ինչ մի մեծ մեղք է։

ԱՐՏԱՇԵՍ. (Մի ծուռ հայացք ձգելով Պետրոսի վրա): Կոկայինը թույն է։ Կոմիսարն ասում է.— Մեզ հայտնի է, որ կոկայինը գալիս է Գերմանիայից։ Մեր կարծիքով այն անձինք, որոնք պարապում են այդ թույնի վաճառումով, գերմանական գործակալներ են։ Մեր թշնամի բոշերը վճռեցին ֆրանսիական ազգաբնակությունը բնաջինջ անել, սիստեմատիկաբար թունավորելով նրան։ Ergօ ձեր քրոջ աղջկա ամուսինն իր ընկերոջ հետ ոչ միայն մաքսանենգներ են, այլև քաղաքական հանցավորներ։

ՊԵՏՐՈՍ. Քաղաքական-մաղաքական չեմ իմանում, բայց կոնտրաբանդնի ապրանք ծախելն իսկի էլ մեղք չէ։

ԱՐՏԱՇԵՍ. (Հեգնաբար): Մի՞թե։

ՊԵՏՐՈՍ. Հրամանքս. եթե կոնտրաբանդությունը մի մեծ բան լիներ, իմ ոսկորները վաղուց պիտի փտած լինեին բանտերի մեջ։

ՄԱԳԹԱՂԻՆԵ. Պետյա, Պետյա, այդ ի՞նչ ես ասում, ամոթ է։

ՊԵՏՐՈՍ. Փա՜հ, կարծես դու չգիտես, ինչքան ապրանք եմ բերել Պարսկաստանից Էնզելիի վրայով։ Հենց էդ ուսերիդ վրա գցած քիրմանի շալն էլ կոնտրաբանդսկի է…

ԱՐՏԱՇԵՍ. Ես կոմիսարին հարցրի․ «իսկ պատի՞ժը»։ Նա պատասխանեց, թե պատիժը կախված է օրենքի հայեցողությունից։ Եթե դատարանը գործի մեջ չգտնի cironstances atténuantes, այսինքն հանցանքը մեղմացնող հանգամանքներ, պատիժը կլինի բավական երկարատև բանտարկություն և հետո աքսոր Ֆրանսիայի սահմաններից։

ԼԻԴԻԱ. (Գրգռված ոտքի ելնելով): Այդ լավ է, շատ լավ է, թող մեզ վռնդեն այս գեղեցիկ երկրից, տեղն է, ի՞նչ գործ ունենք այստեղ, եկել նստել ենք։ Ինչ վերաբերվում է ինձ, ինչով էլ վերջանա գործը, վերադառնալու եմ Ռուսաստան։ Ավելի լավ է այնտեղ Չեկայի ձեռքն ընկնել։