ԿԱՐԱՍՈՎ․ Ո՞նց թե մի կատաղիր։ Պետք է գոռամ, աղաղակեմ, աշխարհը պետք է տակն ու վրա անեմ։ (Վեր է կենում ու սկսում է անցուդարձ անել):
ՄԵԶԲՈԻՐՈՎ․ Անօրեններ, հերիք չէ մեր երեխաներին ծակուռ են մտցրել, մեր անուններն էլ գցել են իրանց լիրբ լրագիրների ռեխը։ Այ գիդի Բաքու... թող այնտեղ լիներ այդ բանը, կտեսնեին։
ՊԵՏՐՈՍ․ Դու էլ բան ասացիր, ի՞նչ են այդ լրագիրները, որ ականջ ես դնում նրանց։ Որ ամեն օր էլ գրեն իմ մասին, այնումս չեմ գցիլ։
ԿԱՐԱՍՈՎ․ Ոչ, ես համբերել չեմ կարող, ես կտրաքեմ։ Մագդալինա Գերասիմովնա, հրամայեցեք, որ մի բաժակ ջուր տան ինձ... ես տրաքում եմ։
ՊԵՏՐՈՍ․ Դեհ տրաքիր, ինձ ինչ։
ՄԱԳԹԱՂԻՆԵ․ (Գնում է խորքի աջակողմյան դռնով և իսկույն ետ է գալիս, բերելով մի բաժակ ջուր):
ԿԱՐԱՍՈՎ․ (Կատաղելով): Ո՞նց թե քեզ ինչ։ Ասենք քո որդուն չեն բռնել, բայց չէ՞ որ իմ որդին քո աղջկա ամուսինն է։
ՊԵՏՐՈՍ․ Թող լինի, մենք էլ մեր հաշիվն ունենք։ (Աչքով է անում Մագթաղինեին):
ՄԵԶԲՈԻՐՈՎ․ Այդ ի՞նչ հաշիվ է։
ԿԱՐԱՍՈՎ․ (Ջրի բաժակը դատարկելուց հետո): Շնորհակալ եմ։ (Պետրոսին): Ինչ ասացի՞ր, դու էլ քո հաշի՞վն ունես։ Դա ի՞նչ խոսք է, խնամի․․․
ՊԵՏՐՈՍ․ Ես հրամանոցդ խնդրում եմ օրես դենը խնամումության մասին սուս կենալ․․․
ԿԱՐԱՍՈՎ․ Ո՞նց թե սուս կենալ, ա՞յդ ինչ նորություն է։
ՄԱԳԹԱՂԻՆԵ․ Պետյա, Պետյա, այդ ի՞նչ ասացիր։
ՊԵՏՐՈՍ․ Էն ասացի, ինչ որ մի օր պիտի ասեի։ (Կարասովին): Որդիդ իմ աղջկա օրը միշտ սևացրել է, էսօր էլ նրան խայտառակեց իր վարմունքով։
ՄԱԳԹԱՂԻՆԵ․ Պետյա, Պետյա։
ՊԵՏՐՈՍ․Դու սուս կաց, քո բանը չէ։
ԿԱՐԱՍՈՎ․ (Բոլորովին բորբոքված)։ Ինչ ասացի՞ր, ինչ ասացի՞ր.. Ուրեմն դու հրաժարվո՞ւմ ես իմ խնամությունից։ (Մոտենում է Պետրոսին սպառնալիքով):