Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/483

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՊԵՏՐՈՍ. (Ետ քաշվելով): Դենը տար էդ տկճորը: Քո խնամությունից չեմ հրաժարվում, բայց շատ էլ չեմ ուզում մոտենալ:

ԿԱՐԱՍՈՎ. Ռոման Սերգեևիչ, լսեցի՞ր, ասա է, խոսիր է, ես կտրաքեմ, կտրաքեմ…

ՄԵԶԲՈՒՐՈՎ. Պյոտր Իվանովիչ, երազո՞ւմդ ես, թե ձախ ոտով ես արթնացել:

ՊԵՏՐՈՍ. Ոչ երազում եմ, ոչ հարբած, խելքս էլ կատարիս մեջ է: Ճշմարիտ է, նա իմ խնամին է, բայց հիմի ես մի ուրիշ խնամի էլ ունեմ, որի բարեկամությունն ինձ ավելի է հարկավոր:

ԿԱՐԱՍՈՎ. Մագդալինա Գերասիմովնա, Մագդալինա Գերասիմովնա, խոսեցեք, խոսեցեք... ես չեմ կարող. ես տրաքում եմ... ո՜ւֆ, ո՜ւֆ...

ՄԱԳԹԱՂԻՆԵ. Պետյա, չպիտի ասեիր, որ սկսել ես — վերջացրու:

ՊԵՏՐՈՍ. Կվերջացնեմ, բաս չէ՞: Կարպ Սպիրիդոնովիչ, էսօր-էգուց մենք գնում ենք էս երկրից ու մեր աղջկան էլ մեզ հետ պիտի տանենք:

ԿԱՐԱՍՈՎ. (Կատաղությունից խեղդված ձայնով): Այդ, այդ, այդ, որ, որ՞… տեղ եք գնում, հեե՞...

ՊԵՏՐՈՍ. Ամերիկա, մեր նոր խնամու մոտ:

ՄԵԶԲՈՒՐՈՎ. Ո՞վ է այդ նոր խնամին:

ՊԵՏՐՈՍ. Բանկիրների թագավոր միլիարդեր Մորգանը...

ԿԱՐԱՍՈՎ. Բու-բու-բու-բու... (Ընկնում է բազկաթոռի վրա):

ՄԵԶԲՈՒՐՈՎ. Ճշմարի՞տն ես ասում:

ՊԵՏՐՈՍ. Հրամանքս, էս օրերս իմ որդին՝ Ժորժը պիտի պսակվի Մորգանի քրոջ աղջկա հետ: (Կարասովին): Հիմի հասկացա՞ր (հպարտ-հպարտ անց ու դարձ է անում):

ԿԱՐԱՍՈՎ. (Աշքերը ճլզած նայում է ապուշ հայացքով Մագթաղինեին):

ՄԱԳԹԱՂԻՆԵ. Այո՛: (Հպարտ նայում է Մեզբուրովին): (Զանգակ):

ՊԵՏՐՈՍ. Աղջի, մին տես ո՞վ է, եթե օտար մարդ է, ասա աղախնին, որ չընդունե: