ՄԱԳԹԱՂԻՆԵ. (Գնում է դեպի խորքի ձախակողմյան դուռը, հանդիպում է Արտաշեսին):
ՏԵՍԻԼ 13
ՆՈՒՅՆՔ և ԱՐՏԱՇԵՍ
ԱՐՏԱՇԵՍ. (Գալիս է խորքի ձախակողմյան դռնով, տխուր է, հուզված): Ժորժը տա՞նն է:
ՊԵՏՐՈՍ. (Պարծանքով): ժորժը գնաց, Արտաշես, գնաց:
ԱՐՏԱՇԵՍ. Ուրեմն ազատվեց, թեև ժամանակավոր:
ՄԱԳԹԱՂԻՆԵ. Ինչի՞ց ազատվեց:
ԱՐՏԱՇԵՍ. Բանտից, միամիտ քույրիկս, բանտից:
ԿԱՐԱՍՈՎ. (Չարախնդությամբ): Ըհը, էդ էլ ձեր որդին:
ՄԱԳԹԱՂԻՆԵ. Պետյա, ի՞նչ է ասում Արտաշեսը:
ՊԵՏՐՈՍ. Քամի կուլ տվող է, փչում է էլի:
ԱՐՏԱՇԵՍ. Խելքի եկ, մարդ, և լսիր: Ժորժը մի վաշխառվի իր պարտքի փոխարեն տվել է տասնուհինգ հազար ֆրանկի չեկ: Պարտատերն այսօր գնացել է դրամը գանձելու, հայտնվել է, որ չեկը սուտ է, Ժորժը բանկում դրամ չունի: Անպիտանն իսկույն ևեթ այդ մասին հայտնել է ուր հարկն է, այժմ ոստիկանությունը Ժորժին փնտրում է և, երևի, շուտով կգա այստեղ: Լավ է, որ Ժորժը փախել է:
ՄԱԳԹԱՂԻՆԵ. Բայց ժորժը չի փախել: Նա գնացել է Ամերիկա:
ՊԵՏՐՈՍ. Հրամանքս, գնաց Ամերիկա, Մորգանի քրոջ աղջկա հետ ամուսնանալու:
ԱՐՏԱՇԵՍ. (Գրգռվելով): Ինչ Ամերիկա, ինչ Մորգան, խելագարվե՞լ եք, ինչ է: Ժորժը կարող է մի օր գնալ Ամերիկա, երբ փող կունենա, իսկ առայժմ հեռու փախչելու համար միջոցներ չունի...
ՊԵՏՐՈՍ. (Արհամարհանքով): Գնա դեն, է, հըռըլհոփ։ Քո լեզուն միշտ չար է եղել, էդպես էլ մնացել է:
ՄԱԳԹԱՂԻՆԵ. Պետյա, սիրտս վկայում է, որ Արտաշեսի ասածը ճիշտ է: