ՊԱՏԿԵՐ XIV
Աբալյանը լուսամուտից հեռանում է: Նա գոհ է իր լրտեսությամբ և չարախինդ ժպտում է: Նա կամաց-կամաց անհայտանում է խորքի խավարի մեջ:
Ձախ կողմից գալիս է Օսմանը, մեջքին կապած է մեծ դաշույն, ձեռքում մի հաստ ու երկայն գավազան: Նայելով այն կողմը, ուր անհայտացավ Աբալյանը, գավազանը ճոճում է սպառնալի.
— Շուն շան լակոտ, մի օր դու իմ ձեռը կընկնես:
ԵՐՐՈՐԴ ՄԱՍ
ՊԱՏԿԵՐ I
Արտեմ Պետրովիչի առանձնասենյակում, գրասեղանի քով նստած իր միլիոնների հաշիվն է անում: Հինգ տարվա ընթացքում Խալիֆյանը նրան տվել է երեք նավթային շատրվան մեկը մյուսից զորեղ: Հիանալի է այդ երիտասարդ ինժեների հոտառությանը: Որտեղ վիշկա է դնում, այնտեղ անպատճառ նավթ է դուրս գալիս, կամ շատրվան է խփում: «Ոչ մի հանքատեր այնքան իրավունք չունի իր ինժեներով պարծենալու, որքան ես, Մարկոզովս: Այն օրից, երբ որ նա իմ հանքերի վարիչն է դարձել, իմ հողերի արդյունաբերությունը կրկնապատկվել է: Ուրեմն առաջ իմ նավթը գողանում էին: Այո, այո, ես Խալիֆյանի պես գոհարը ձեռիցս բաց չեմ թողնի»:
Այս որոշումը կայացնելով, Արտեմ Պետրովիչը ժպտամ է ինքն իրեն, հիանալով իր մարդագիտությամբ: