ՊԱՏԿԵՐ II
Ներս է մտնում Բարութչյանը։ Նա անախորժ լուր է բերել։ Չորս բանվորների կործանվելը մեծ խռովություն է առաջացրել ամբողջ հանքային բանվորության մեջ։ Սպասվում է մեծ բողոք և ընդհանուր գործադուլ։
Լուրը ցնցում է Արտեմ Պետրովիչին։ Նա այդ չէր սպասում։ Նա համոզված էր, որ իր վրա վերցնելով չորս բանվորների թաղման ծախքի կեսը, ազատվել է ամեն պատասխանատվությունից։ Բարութչյանը ավելացնում է.
— Ցավալին այն է, որ բանվորության մեջ խռովություն գցողը քո սիրած մարդն է։
— Ո՞վ։
— Տիգրան Խալիֆյանը։
Արտեմ Պետրովիչը բողոքում է։ Այդ անկարելի է, անհավատալի։ Խալիֆյանը, այդ հեզ, համեստ, խելոք մարդը չի կարող լինել խռովարար։
— Բայց ես փաստեր ունեմ,— պնդում է Բարութչյանը։
Եվ նա հաղորդում է Արտեմ Պետրովիչին Աբալյանի հավաքած տեղեկությունները։
Արտեմ Պետրովիչը զարմանում է, ապշում, զայրանում․
— Նա պրոպագանդիստ է, նա կոմունիստ է, նրան պետք է վռնդել և հանձնել ոստիկանությանը,— պահանջում է Բարութչյանը։
— Ոչ, ոչ,— գոչում է Արտեմ Պետրովիչը,— ես Խալիֆյանի նման մարդուն չեմ մատնիլ ոստիկանությանը և ոչ էլ կվռնդեմ։ Թող ես խոսեմ նրա հետ, հետո տեսնենք ինչ կլինի։
Նա վերցնում է տելեֆոնի փողն ու Խալիֆյանին հրամայում է իսկույն ևեթ քաղաք գալ և տեսնվել իր հետ։
ՊԱՏԿԵՐ III
ԹԱՄԱՐԱՆ հյուրասենյակում մենակ
Թամարան դաշնամուր է նվագում։ Նա գիտե, որ հայրը Խալիֆյանին իր մոտ է կանչել, և շուտով ինժեները պիտի գա։ Նա ստեպ-ստեպ նայում է խորքի դռներին։ Շուտով նվագելը ընդհատում է, վեր է կենում, վերցնում է դաշնամուրի