ՊԱՏԿԵՐ VI
Կռիվը Խալիֆյանի և անհայտների մեջ։ Խալիֆյանի աջ ձեռը կաշկանդված է, չի կարող կրակել։ Նա դիմադրում է ձախ ձեռով։ Նրան տապալում են։ Երկուսից մեկը դաշույնը շողշողացնում է նրա կրծքի վրա։ Վրա է հասնում Օսմանը և մի հարվածով տապալում է մեկին։ Բռնում է մյուսի կոկորդից։ Խալիֆյանը ոտքի է ելնում։ Նա վիրավորված է աջ թևից, բայցը ուժերը չեն սպառվել։ Հուսահատական կռիվ չորս հոգու մեջ։
ՊԱՏԿԵՐ VII
Լուսաբաց է։ Չարագործները հաղթվել են։ Պարաններով կապոտված ընկած են հատակի վրա, երկուսն էլ վիրավոր։ Օսմանը կապել է Խալիֆյանի վերքը։ Նա ինքն էլ վիրավորված է ոտքից։ Խալիֆյանը գունատ և ուժասպառ նստած է աթոռի վրա, խորը մտածողության մեջ։ Նրա քով սեղանի վրա, դրված են հարձակվողների զենքերը, երկու մաուզեր և երկու դաշույն։ Նա առողջ ձեռով վերցնում է դաշույններից մեկը, նայում է փղոսկրյա դաստակին և կարդում է։
— Մահ հայ ժողովրդի թշնամիներին։
Խալիֆյանը դաշույնը դնում է սեղանի վրա և գլուխը թախծորեն շարժելով ասում է.
— Թշվառներ, շուտով կերևա, թե ով է հայ ժողովրդի թշնամին և ով է բարեկամը։
Օսմանը մերկացրած դաշույնը ձեռում կանգնած է կալանավորվածների գլխի կողմ և թախանձում է Խալիֆյանին, թույլ տա «շուն շան որդիներին շանսատակ անելու»։
Խալիֆյանը գլուխը բացասաբար շարժում է։
Օսմանն առաջարկում է թույլ տալ նրանց ոստիկանությանը հանձնելու։
Խալիֆյանը դարձյալ գլուխը շարժում է բացասաբար։
— Օսման, այս թշվառները մեղք չունեն։ Մեղավորք նրանց ուսուցիչներն են։ Արձակիր նրանց, թող գնան։
Օսմանը խորին դժկամությամբ դաշույնը պատյանն է