Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/66

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԱՐՄԵՆՈԻՀԻ․ Մենք կմնանք միևնույն հարկի տակ մեր զավակի համար, բայց կապրենք ինչպես օտարներ։


ՍԱՄՍՈՆ. Ա՞յդ է քո վերջին խոսքը։

ԱՐՄԵՆՈԻՀԻ. Այս է։

ՍԱՄՍՈՆ. (Քիչ մտածելով): Շատ բարի թող այդպես լինի, այժմ խոսենք ինչպես օտարներ։ (Դեմքն ընդունում է խիստ արտահայտություն): Արդյոք ձեր այդ համառության հիմքը իմ անհավատարմությո՞ւն է, թե՞ կա մի ուրիշ, ավելի խոշոր պատճառ։

ԱՐՄԵՆՈԻՀԻ. (Գլուխը համարձակ բարձրացնելով): Ի՞նչ եք կամենում ասել դրանով։

ՍԱՄՍՈՆ. Այն, որ իմ մայրն ու քույրը չեն սխալվում։ Դուք ոչ թե համակրում եք այդ Հմայակին, այլև սիրում եք նրան և սիրում եք... հանցավոր սիրով։

ԱՐՄԵՆՈԻՀԻ. (Սառը): Ձե՞զ ինչ, մենք օտարներ ենք։

ՍԱՄՍՈՆ. Եվ դուք համարձակվո՞ւմ եք, դո՞ւք, իմ օրինական կինը, իմ զավակի մայրը։

ԱՐՄԵՆՈԻՀԻ․ Իսկ դուք իմ օրինական ամուսինը, իմ զավակի հայրը չէի՞ք, երբ դավաճանում էիք ինձ։

ՍԱՄՍՈՆ. Ես տղամարդ եմ։

ԱՐՄԵՆՈԻՀԻ. Արհամարհում եմ այդ զազրելի արտոնությունը տղամարդու համար, ինչպես մի ստոր ավանդություն։

ՍԱՄՍՈՆ․ (Դառը ծիծաղով): Ահա՞ թե ինչ, ուրեմն դուք ուզում եք տակն ու վրա՞ անել մեր վարք ու բարքերը։

ԱՐՄԵՆՈԻՀԻ. Եթե ձեռքիս լիներ, ես նրանց կխորտակեի հիմնովին։

ՍԱՄՍՈՆ․ (Հետզհետե կատաղելով): Ձեզ կստիպեն հարգել և խոնարհվել նրանց առջև։

ԱՐՄԵՆՈԻՀԻ. (Արհամարհանքով): Ո՞վ, արդյոք։

ՍԱՄՍՈՆ. Ես։

ԱՐՄԵՆՈԻՀԻ. Փորձեցե՛ք։

ՍԱՄՍՈՆ. Ուրեմն չե՞ք հերքում ձեր սերը դեպի այդ մարդը։

ԱՐՄԵՆՈԻՀԻ. Առաջ ես կպատասխանեի ձեր հարցին ամենայն համարձակությամբ, այժմ պարտավոր չեմ։ (Շուռ է գալիս գնալու):