Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/78

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԵՂԻՍԱԲԵԹ. (Հեռանում է պատշգամբով, ետ ու ետ նայելով):

ԱՐՄԵՆՈԻՀԻ. (Նստել է ձախ կողմի աթոռներից մեկի վրա: Աշխատում է հանգիստ ձևանալ):


ՏԵՍԻԼ 8

ՍԱՄՍՈՆ և ԱՐՄԵՆՈԻՀԻ


ՍԱՄՍՈՆ. (Գալիս է բեմի կենտրոնը: Նույնպես աշխատում է հանգիստ ձևանալ): Զգում եմ, դժվար է ազատությունից զրկվելը։
ԱՐՄԵՆՈԻՀԻ. (Չի նայում Սամսոնին և ոչ էլ որևէ շարժումն է անում):
ՍԱՄՍՈՆ. Ի՛նչ արած, դուք ինքներդ այդպես կամեցաք։ Դուք ի չարը գործ դրեցիք իմ բարությունը. այժմ ես ստիպված եմ խիստ վարվել։
ԱՐՄԵՆՈԻՀԻ. (Նույն դիրքում): Վարվեցեք, ինչպես կամենաք։
ՍԱՄՍՈՆ. Թույլտվություն չե՞ք խնդրում։ Ես կարող եմ դարձյալ ազատություն տալ ձեզ։
ԱՐՄԵՆՈԻՀԻ. (Վեր է կենում և դիմում դեպի պատշգամբը):
ՍԱՄՍՈՆ. Ո՞ւր եք գնում։
ԱՐՄԵՆՈԻՀԻ. Իմ երեխային համբուրելու։
ՍԱՄՍՈՆ. Իսկ եթե այդ էլ թույլ չտա՞մ։
ԱՐՄԵՆՈԻՀԻ. Իմ շրթունքները դեռ արատավորված չեն։ (Ուզում է գնալ):
ՍԱՄՍՈՆ. (Արմենուհու ճանապարհը կտրելով): Կանգ առեք։
ԱՐՄԵՆՈԻՀԻ. (Կանգ է առնում
ՍԱՄՍՈՆ. Ասում են, ձեր սիրահարության լուրն արդեն տարածվել է բոլոր ամառանոցներում։
ԱՐՄԵՆՈԻՀԻ. (Սառը): Կարելի է։
ՍԱՄՍՈՆ. Ասում են, նրա կինն այնքան է կատաղած, որ մտադիր է ձեզ հրապարակական վիրավորանք հասցնել, եթե համարձակվեք երևալ հասարակության մեջ։ Ի՞նչ կասեք սրա դեմ։
ԱՐՄԵՆՈԻՀԻ. Ոչինչ։