ՏԵՍԵԼ 1
ՄԵԼԱՆԻԱ ԵՎ ԳԱՐԵԳԻՆ
ԳԱՐԵԳԻն. (Վարագույրը բարձրանալիս պատշգամբից իջնում է ձեռքին ափսեներ,
դանակ, պատառաքաղներ և այլն: Սկսում է դարսել սեղանի վրա: Շատ մաքուր հագնված երիտասարդ է, սափրած երեսով և բավական կիրթ ձևերով): Մելանիա, ես սեղանը կամաց-կամաց պատրաստում եմ:
ՄԵԼԱՆԻԱ. (Կանգնած է բեմի ձախ անկյունում և նայում է հեռու, դեպի ձախ: Թեթև ամառային մաքուր հագուստով երիտասարդ կին է, գլուխը բաց: Առանց Գարեգինի կողմը նայելու): Լավ ես անում: (Մի փոքր ժամանակ լռության):
ԳԱՐԵԳԻՆ. (ԻՐ գործով զբաղված): Այդ ո՞ւր ես նայում:
ՄԵԼԱՆԻԱ. Ժայռերին:
ԳԱՐԵԳԻն. (Առանց իր գործն ընդհատելու): Գրազ կգամ, որ սարի այծն էլի այնտեղ է:
ՄԵԼԱՆԻԱ. (Երեսը դարձնելով Գարեգինին): Մի համարձակվիր անքաղաքավարի խոսել երիտասարդ տիկնոջ մասին: Ես նրան շատ եմ սիրում: (Երեսը դարձյալ դեպի ձախ է դարձնում):
ԳԱՐԵԳԻՆ. Բան ասաց. «Շատ եմ սիրում»: Կարծես, այնպիսի տիկնոջ կարելի է չսիրել: Բայց էլի կասեմ, որ նա սարի այծ է, ամեն օր բարձրանում է քերծերի գլուխը: (Սկսում է հանդարտ երգել): «Յար ուզեցի, չգտա, սերը կերավ իմ սիրտը…»:
ՄԵԼԱՆԻԱ. Ահա նա, սպիտակ շալը գլխին, երկայն փայտը ձեռքում, բարձրանում է...
ԳԱՐԵԳԻՆ. «Գիշերները քուն չունիմ,
«Բայղուշի պես բուն չունիմ:
«Ե՛կ, նազելի, նազելի...»:
ՄԵԼԱՆԻԱ. Նա մի քար վերցրեց, գլորեց ցած, նայում է դեպի ձորը:
ԳԱՐԵԳԻՆ. «ճամփին ծլած ծաղկի պես,
«Թառամում եմ մեն-մենակ…»: