և գնահատել ձեր հոգին—գուցե։ Ես դավաճանել եմ ձեզ—չեմ հերքում։ Բայց այս բոլորն անցել է։ Ես քավել եմ մեղքերս անքուն գիշերներով, անհուն տանջանքներով։ Ես այլևս այն չեմ, ինչ որ էի։ Մնում է ձեր արածը։ Այդ է նշանավորը, այդ է սարսափելին։ Ես թույլ եմ տալիս ինձ հավատալու, որ ձեր շրթունքները դեռ պարատավորված չեն, թույլ եմ տալիս հավատալու, որ նա, այդ պարոնը շատ մաքուր, շատ ազնիվ մարդ է։ Բայց ո՞վ հաշվի կառնի այդ։
ԱՐՄԵՆՈԻՀԻ. Մի ողորմելի հասարակության մեջ ոչ ոք։
ՍԱՄՍՈՆ. Աա՜, զգո՞ւմ եք այդ։ Այո՛, բոլորը կբամբասեն, բոլորը կծաղրեն։ Եվ մեջտեղը դես ու դեն կշպրտվի իմ պատիվը, ինչպես մի թքված, արհամարհված պատառ։ Ճի՞շտ եմ ասում, թե չէ։
ԱՐՄԵՆՈԻՀԻ. Ճիշտ եք ասում։
ՍԱՄՍՈՆ. Ուրեմն, լսեցեք։ Ես ետ եմ վերցնում իմ խստությունը։ Նորից տալիս եմ ձեզ ազատություն։ Բայց մի պայմանով։ Հեռացրեք ձեզանից այդ մարդուն։ Չեմ ասում վիրավորեցեք, այլ ցույց տվեք սառնություն, արհամարհանք։ Ես կմոռանամ ձեր վարմունքը, բայց դուք ևս պիտի մոռանաք իմը։ Մենք կհաշտվենք և վաղն ևեթ կուղևորվենք արտասահման մի քանի ամսով, կամ ամբողջ տարով։ Այս անհրաժեշտ է։ Մեր բացակայությամբ հասարակությունը կմոռանա մեզ, և մեր անունը կազատվի բամբասանքից։ Ընդունո՞ւմ եք իմ առաջարկությունը։
ԱՐՄԵՆՈԻՀԻ. (Լսել է ուշադիր, մտածել է): Չգիտեմ։
ՍԱՄՍՈՆ. Հանուն մեր զավակի։
ԱՐՄԵՆՈԻՀԻ. Չգիտեմ, չեմ կարող ասել։
ՍԱՄՍՈՆ. Լա՜վ։ Ես ձեզ ժամանակ կտամ մտածելու, միայն մինչև երեկո, ոչ ավելի։ Կրկնում եմ, այս իմ վերջին խոսքն է։ Կընդունեք—լավ, չեք ընդունիլ—խնդիրը կվճռի ահա այս (Ցույց է տալիս ատրճանակը և իոկույն ետ դնում գրպանը): Երեկվանից դես իմ ամբողջ էությունը տակնուվրա է եղել։ Այս երեկո ես կսպասեմ ձեր վերջնական պատասխանին։ (Գնում է պատշգամբով)։