Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/93

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մեյդանլի, Սարի-Թորփաղ։ Տեսա քանդված մեչիդները, բաղնիսները, քարվանսարաները։

ՍՈՒՍԱՆ. (Նստած է հագուստով աջ կողմի անկողնի մեջ: Ինը տարեկան սիրունադեմ աղջիկ է, հագին կարմիր շապիկ, մանիշակագույն մետաքսյա արխալուղ բաց կրծքով և տերևաձև թևերով: Գլխին կապած է ճութխի: Ոտներին կոպիտ եվրոպական կոշիկներ): Ասում են թուրքերից շատ մարդ է սպանվել, ճշմարի՞տ է։
ՍՄԲԱՏ. Շա՜տ, շատ-շատ։ Ղալա-բազարի բաղնիսիը տասնուչորս մարդ դուրս բերեցին տափակած, արյունաթաթախ։ Աչքովս տեսածը համրեցի մինչև վաթսուն: Է՜է, շատ է, ինչ հարյուր, ինչ երկու հարյուր։ Հայերից քիչ մարդ կսպանվել, այն էլ բազարում։ Հորեն տանում են նրանց դիակները։ Դե՛հ, հիմի դուք պատմեցեք, ինչպես մնացիք հողի տակ։ (Գրպանից դուրս է բերում մի խնձոր և կրծոտելով ուտում):
ՍԵՅՐԱՆ. Մենք մեր փողոցում էինք։ Ես Սուսանի համար մեր ծառից թութ էի թափ տալիս քարերով ու փայտերով։ Առաջ-առաջ երկինքը որոտաց։
ՍՈՒՍԱՆ. (Վրդովվելով): Էլի ասաց երկինքը։ Տափի տակից էր, տափի տակից, կարմիր կովն էր մռնչում։ (Գրպանից հանում է ծամոն և սկսում է ծամել):
ՍՄԲԱՏ. Լավ, թող պատմի։
ՍԵՅՐԱՆ. (Ժպտալով): Շները ոռնացին, հավերը կչկչալով դես ու դեն փախան։ Տափը լխլխաց, տները օրորվեցին։ Ես վախից կուչ եկա։ Սուսանը վազեց, փեշիցս բռնեց. «Վա՜յ մամա, վա՜յ մամա» կանչելով։
ՍՄԲԱՏ. Հետո՞, հետո՞։
ՍԵՅՐԱՆ. Հետո փախանք։
ՍՄԲԱՏ. Փողոցի մեջտեղով պիտի փախչեիք։
ՍԵՅՐԱՆ. Շվարվել էինք, մոռացանք, պատերի տակով փախանք։ Շափա՛լյանց տան առաջ գլխիս վրա մի մեծ բան ընկավ։
ՍՈՒՍԱՆ. Հենց Շափալյանց դուռն էր։
ՍԵՅՐԱՆ. Գլուխս պտտեց, աչքերս մթնեցին, ընկա երեսիս վրա։