Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/94

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՍՈՒՍԱՆ. Ես էլ ընկա։

ՍԵՅՐԱՆ. Մեկ էլ հանկարծ գյուռ-գյուռ հող, քար, փայտ թափվեցին մեր գլխին։
ՍՄԲԱՏ. (Դեն գցելով կերած խնձորի միջուկը): Ուշքդ չգնա՞ց։
ՍԵՅԲԱՆ. Չէ, գլուխս ջարդվել էր, արյուն էր գնում։ Աստծու ողորմությունով դուռը մեր վրա էր, չթողեց, որ ճխլտվենք։ Բայց շունչս կտրվում էր։ Սուսանը լաց էր լինում։ Սիրտս մղկտում էր։ Ուզում էի խոսել, ձայնս փորիցս դուրս չէր գալիս. վերջը աչքերս մթնեցին, էլ ոչինչ չտեսա։
ՍՈՒՍԱՆ. Ես տեսնում էլ էի, լսում էլ էի։
ՍՄԲԱՏ. Ի՞նչ էիր տեսնում։
ՍՈՒՍԱՆ. Կարմիր կովին։
ՍԵՅՐԱՆ. Կարմիր կով չկար։
ՍՈՒՍԱՆ. (Վիրավորված սրտմտությամբ): Սուտ ես ասում, կար, աչքովս տեսա։ Նա մեր տնից մեծ էր, մեր ծառից բարձր։ Աչքեր ուներ — արունով լիքը գավաթների պես, բերան ուներ — վառած թոնրի նման։ Ալով էր դուրս գալիս այնտեղից վռվռալով։ Լեզուն այսքան էր, այ, էլ ավելի. պոզերը սուր-սուր, ծուռ-ծուռ։ Մի մռնչում էր, որ մազերս փշաքաղվում էին, մարմինս զարզանդում էր։
ՍԵՅՐԱՆ. (Հանգիստ): Ես քեզ ասում եմ, տափի տակին կարմիր կով չկար։ Եթե լիներ, ես էլ կտեսնեի։
ՍՈՒՍԱՆ. Ես էլ քեզ ասում եմ կա, կա ու կա։ Դու չգիտե՞ս, որ աշխարհը այդ կարմիր կովի մեջքի վրա է կանգնած։ Նա հազար ոտներ ունի։ Երբ մենք չարություն ենք անում, մեր ծնողների խոսքը չենք լսում, կարմիր կովը կատաղում է, մեջքը թափահարում է, տափը շարժվում է, տները թափվում են, մարդիկ տակն են մնում։ Թող Սմբատը ասե, եթե ինձ չես հավատում։

ՍՄԲԱՏ. Ես մի օր մեր վարժապետին հարցրի, նա ասաց, որ տափի տակին ոչ կարմիր կով կա, ոչ էլ սպիտակ. (Վեր է կենում):

ՍՈՒՍԱՆ. (Վշտանալով, բաց է անում աջ ձեռի հինգ մատները օդի մեջ և ճանկ անում վարժապետի հասցեին): Առա, էս հողս քո վարժապետի գլխին, նա ինչ է հասկանում։