Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/101

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բեխի աղբյուրը նրանց կշտին ոնց որ էծը քյոհլան ձիու կշտին։ Քեփի համար եմ ասում...

Մարդը փափագում էր անպատճառ զրույց անել, ինչպես առհասարակ բոլոր գեր մարդիկ։ Մենությունն ինձ էլ ձանձրացրել էր, ուստի հաճույքով ականջներս դրեցի նրա տրամադրության տակ. մանավանդ որ նրա արտաքինն ինձ մի տեսակ համակրանք ներշնչեց առաջին վայրկյանից իսկ։

— Ամոթ չլինի հարցնելը, հրամանքդ ի՞նչ գործի մարդ ես,— հարցրեց նա, ձեռները դարսելով հաստ փորի վրա։

— Ոչինչ։

Մարդը զարմացած նայեց երեսիս և իր թանձր բեղերի տակից արձակեց մի արհամարհական հնչյուն, որ, սակայն, ինձ չվիրավորեց։

Ես ձեռքիս ունեի մի հաստ ձեռնափայտ, որի օգնությամբ քայլում էի կոտրված ոտքս առողջացնելուց հետո։

— Ամմա լավ շուն թակելու փետ ա հա, Թիֆլիսում պետք կգա,— ասաց մարդը։

Հասկացա, որ անգործ լինելս է հեգնում։

— Ինչու չէ,— ասացի ես առանց վիրավորվելու,— եթե մի շուն ուզենա ինձ կծել, կարող եմ թակել։

Նա ինձ հասկացավ և լռեց։

Հաջորդ կայարանում ես վագոնից իջա թեյ խմելու։

Երբ վերադարձա, հարևանս հարցրեց.

— Այ տղա, էդ խի՞ ես կաղում։

— Ոտս ցավում է։

— Ի՞նչ է պատահել։

— Կոտրվել է։

— Ըմբո։

— Այո, կոտրվել է, բայց հիմա առողջացել է, միայն դեռ մի քիչ ցավում է։

— Հաա՞,— հետաքրքրվեց մարդը,— բաս լավ է, որ ինձ ես ռաստ եկել։ Ես քեզ կօգնեմ։ Ես սնխչի եմ։

— Ոսկրաբու՞յժ։

— Հրամանքս, մենք սնխչի ենք ասում։ Պետք է որ անունս լսած լինես։ Ավարա-մավարա մարդիկ ինձ ուստա Մուխան են ասում, ամմա իսկական անունս է Միխայել-