Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/125

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անպատճառ բարձրանալ ծնկներիս վրա։ Ես հաճույքով կշոյեի նրա գլուխը, բայց մաքուր շուն չէր, տանտիրուհիս երբեք չէր լվանում նրան, թեև հավատացնում էր, թե սիրում է նրան ավելի՝ քան որևէ մարդկային էակի։ Բացի այդ, մի վատ սովորություն ուներ այդ շնիկը։ Միշտ իմ սենյակից դուրս գալիս հետը մի բան էր տանում՝ կոշիկս, հողաթափերս, թաշկինակս, մի խոսքով՝ ինչ բերանն էր ընկնում։ Մի առավոտ, զարթնելով, կամեցա հագնվել, փնտրեցի գուլպաս, չգտա։ Անպիտան շնիկը տարել էր նրան պատշգամբ և կընձկընձալով հետը խաղում էր, կարծես ուրիշ խաղալիք չէր կարող գտնել։ Նա կարող էր գուլպաս գզգզել իր ատամներով, եթե ժամանակին չզարթնեի։ Դուրս վազեցի կատաղած, ապրանքս ազատեցի շնից և անամոթ կենդանուն մի քանի հարվածներ տվեցի։ Նրա կնձկնձոցի ձայնին դուրս վազեց տանտիրուհիս։

— Ի՞նչ իրավունքով եք իմ շանը ծեծում,— գոռաց նա կատաղած։

— Նախ և առաջ դուք ձեր շանը հարցրեք, ի՞նչ իրավունքով է նա իմ գուլպան գզգզում,— ասացի ես ոչ պակաս կատաղած։

— Նա կենդանի է, չի հասկանում։

— Ես էլ խրատեցի, որ այսուհետև հասկանա և գուլպաս խաղալիք չդարձնի։

Մեր գոռոցները գրավեցին հարևաններիս ուշադրությունը։ Բոլորն էլ ռուսներ էին, մեծ մասամբ կանայք։ Նրանց տեսնելով՝ տանտիրուհիս ավելի կատաղեց իմ դեմ և ինձ անվանեց «արմյաշկա»։

— Լռիր, անտանելի պառավ, համբերությունս մի սպառիր, ապա թե ոչ,— գոչեցի ես սպառնալով։

Պառավ բառը լսելով՝ տանտիրուհիս անմիջապես ենթարկվեց հիստերիկայի, իսկ ես շտապեցի սենյակս, որ հագնվեմ, թողնելով, որ նրան ուշքի բերեն օգնության եկած հարևաններս։ Մեր վեճը քննվեց տեղն ու տեղը։ Դատավորներն էին երկու լվացարարուհի և հին գուլպաներ կարկատող մի կին։ Նրանք միաձայն վճռեցին, որ բարեկիրթ կավալերը երբեք չպիտի թույլ տա իրեն «ազնիվ, պատվավոր