Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/19

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որ նա չգանգատվեց, թե ճանապարհը շատ դժվար էր, թե ձիերը անչափ հոգնել են, թե ինքը անոթությունից մեռնում է և այլն և այլն, այն բոլորը, ինչ որ ասում են հայ և թուրք սայլապանները մի երեք-չորս վերստ անցնելուց հետո։

Ֆուրգոնն այնպես էր ջարդոտել ինձ, որ մարմնիս բոլոր մասերը ցավում էին։ Պառկելով տախտակյա մերկ բազմոցի վրա, անմիջապես քնեցի։ Ամբողջ գիշեր երազումս տեսնում էի ջուր, կրակ, նավթ, մոծակներ, մկներ և Բալասի ապոր կոկորդի մեծ ոսկրը։ Արևելքն արդեն շառագունել էր, երբ Ստեփանն ինձ արթնացրեց։

— Արի, արի դուրս,— շտապեցրեց նա ինձ,— տես Բալասի ապերն ինչ է արել։

Դուրս եկա գավիթ և ինչ տեսնեմ, գինեվաճառն իր երկայն չուխայի լայն փեշերը կապել է մեջքին, փորի վրա կախել է մի արծաթակոթ դաշույն մի մետր երկայնությամբ և ուսովը գցել մի չախմախի հրացան, ծայրին մի զույգ երկաթե եղջյուր։ Այդ տեսակ եղջյուրավոր հրացաններ ես շատ էի տեսել մեր քաղաքում։ Մեր քաջարի որսորդները խոշոր ու վտանգավոր որսի հանդիպելիս հրացանը հենում էին գետնի մեջ տնկած եղջյուրների վրա և այնպես կրակում, որպեսզի գնդակը չվրիպեր հրացանի շարժումից։

Բալասի ապոր դեմքը շատ խորհրդավոր էր և լուրջ։ Ունքերը խոժոռած և աջ ձեռը դաշույնի կոթի վրա դրած՝ նայում էր հեռավոր հորիզոնին։ Կարծես, ինչ-որ փոթորիկ էր սպասում այնտեղից։

— Ի՞նչ է պատահել,— հարցրի ես։

Ստեփանը, ձեռը դնելով բերանիս վրա, շշնջյունով արտասանեց.

— Սուս, կամաց խոսիր, Բալասի ապերը բարկանում է։

Հետո, բերանը մոտեցնելով ականջիս, ավելացրեց.

— Ասում է՝ ճանապարհի վրա ավազակներ են երևացել։ Ես վախեցա, բայց շուտով հետաքրքրությունս հաղթեց երկյուղս։ Այնքան բաներ էի լսել ավազակների մասին, որ փափագեցի գոնե նրանցից մեկին տեսնել մեծ ճանապարհի վրա, թեկուզ կողոպտվելու պայմանով։