Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/201

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Չեմ հասկանում՝ ինչպես կարելի է ուզած ժամանակը գրել։ Գրողը պետք է ոգևորվի, հետո գրի և ոգևորությամբ գրածը երբեք չպիտի փոփոխի։

Րաֆֆին նրան էլ էր հեգնում.

— Ոգևորության ժամանակ երբեմն այնպիսի հիմարություններ ես թխում, որ հետո կարդալով ինքդ էլ ամաչում ես...

Պռոշյանը կարող էր մի ամսվա մեջ մի մեծ հատոր գրել և կգրեր միշտ, եթե չլիներ հրատարակության և վարձատրության անիծյալ խնդիրը։ Աբգար Հովհաննիսյանի «Փորձ»-ից հետո նա իր վեպերի համար տեղ գտավ Ավետիք Արասխանյանի «Մուրճ» ամսագրում։ Բայց Արասխանյանը, ինքը կարիքի մեջ լինելով, չէր կարող Պռոշյանին տալ նույնիսկ չափավոր վարձ։ Եվ ահա Պռոշյանը շարունակ մտահոգված էր իր գրքերի համար հրատարակիչ գտնելու և տպագրված գրքերը վաճառելու խնդրով։

Հայ գրողի նյութական անապահովությունն ամենից ավելի նրա վրա էր ծանրացած։

— Այսօր 75 % զիջեցի կենտրոնական գրավաճառանոցին,— ասաց նա մի օր ինձ,— անիրավներն էլի մերժեցին։ Մնում է, որ տանեմ շուկա և կշիռով վաճառեմ նպարավաճառներին։

Բազմանդամ ընտանիքի նյութականը Պռոշյանին նեղում էր անհունապես։ Ոչ մինը հայ գրողներից այնքան դառնացած չէր կյանքից, որքան նա։ Եվ չնայած սրան, Պռոշյանն ամենահյուրասեր մարդն էր և սիրում էր լավ ուտել։ Ամեն օր նա ինքն էր շուկա գնում, օրվա պարենը գնում ու իր ձեռքով բերում տուն։ Երբեմն ծիծաղելու չափ արհամարհում էր պայմանականը։ Պատմեմ մի բնորոշ դեպք։

Ռուս–ճապոնական պատերազմի տարին էր։ Մի օր Ղազարոս Աղայանը, Ավետիք Արասխանյանը, Հովհաննես Թումանյանը, ես և մի քանի ուրիշներ Թիֆլիսի Երևանյան անունով հրապարակի վրա օրվա հեռագիրներն էինք կարդում։ Կարդացողը ես էի, մյուսները լսում էին։ Հեռվում երևաց Պռոշյանը։ Նա շուկայից էր գալիս, իր հաստ ձեռնափայտը հովվի պես ուսին դրած և ծայրին կախած