Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/206

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Պռոշյանը Փարիզ եկել էր Մանթաշյանին խնդրելու իր ամսական նպաստը մի քիչ ավելացնել։ Ես երկու շաբաթ գրեթե ամեն օր նրա հետ էի։ Ծանոթացրի նրան, որքան հնարավոր էր այդ կարճ ժամանակամիջոցում, օվկիանոս քաղաքի հետ։ Մանթաշյանը ծերունուն շատ սառն ընդունեց, այնուամենայնիվ իմ միջնորդությամբ մի որոշ գումար տվեց նրան։

Փարիզից հեռանալու օրը Պռոշյանը, բժիշկ Բաբայանը, Մինաս Չերազն ու ես նստած էինք բոլոր բանաստեղծներից երգված նշանավոր Closerie des Lilas սրճարանում, որ գտնվում է Մոնպառնաս և Սեն-Միշել բուլվարների անկյունում։

— Դե, բարեկամներս,— ասաց Պռոշյանը,— ես գնում եմ լակոտներիս մոտ։

Մենք որոշեցինք ծերունուն ուղեկցել մինչև կայարան։

Ես, որովհետև Պռոշյանին ավելի էի ճանաչում, քան մյուսները, ասացի.

— Պռոշ, խուրջին կամ բոխչա չունե՞ս։

— Ձեռ ես գցել ինձ, ի՞նչ է,— վիրավորվեց Պռոշյանը,— լակոտներս ինձ համար մի ճամփարկղ են գնել, որ տեսնես, կհիանաս։ Սպասեցեք, գնամ բերեմ, երթանք կայարան։

Նա գնաց հյուրանոց և կես ժամ անցած ետ եկավ։ Մի սպասավոր բերում էր մի նոր ճամփարկղ, իսկ ինքը Պռոշյանը... շալակած բերում էր մի մեծ բոխչա․․․

Բաբայանը բողոքեց.

— Ես չեմ գնա կայարան, ամոթ է, Փարիզ և բոխչա՜։

Մինաս Չերազը որպես քաղաքագետ, իհարկե, ավելի մեղմ արտահայտվեց.

— Պետք է ներեք զիս, տյար Պռոշյան, քիչ մը թույլ կզգամ զինքս, պիտի երթամ անկողին մտնելու։

Վերջապես մի կերպ Պռոշյանին ուղեկցեցինք մինչև կայարան և ճանապարհ դրեցինք։

Առհասարակ այդ ծայր աստիճան պարզ մարդու մեջ ամեն ինչ տարօրինակ էր և համակրելի ընդհանուր առմամբ։ Երբեմն նա տառապում էր ծիծաղելով և