զվարճանում էր արցունքների մեջ։ Իր զրկանքները պատմելիս անխնա ծաղակոծում էր իրան և կյանքի անիրավությունների երեսին շպրտում էր իր ստոյիկյան արհամարհանքը։ Հեզությամբ և ներողամիտ ժպիտներով էր ընդունում նա ընկերների կատակներն ու զրախոսությունները և հաճախ թերին ինքն էր լրացնում։ Եվ այդ հեզության մեջ կար ինչ-որ հմայք, որ գրավում էր ամենքի սերը։
Նա բողոքում էր միայն այն ժամանակ, երբ ծաղրում էին նրա ծայրահեղ պահպանողականությունը։ Եկեղեցին էր համարում հայ ազգի գոյության խարիսխը, և վայ նրան, ով կհանդգներ հակաճառել նրան։ Այդպիսին պիտի վայելեր Պռոշյանի անվերապահ թշնամությունը, սակայն առանց քենի կամ վրիժառության։ Երկրորդ նրա սրբությունն էր ընտանիքը։ Նա անիծում էր ամենքին ու ամեն ինչ, որ դեմ էր իր սրբության և նահապետականության հիմունքներին։ Իսկ ընտանիք համարում էր միայն եկեղեցական ամուսնությունը։ Քսանհինգ տարվա մեր բարեկամության ընթացքում նա միայն երկու անգամ ոտք դրեց իմ տունը, այն էլ այն օրից հետո, երբ որոշ քաղաքական պայմանների պատճառով ստիպվեցի իմ «ապօրինի» ամուսնությունը ենթարկել եկեղեցու հովանավորությանը։
Պռոշյանը, հայ հոգևորականության պաշտպանը լինելով, անխնա հալածում էր նրա թերությունները, որովհետև այդ թերություններն անչափ և անսահման էին, ուստի Պռոշյանը շարունակ ժայթքում էր իր կծու անեծքները վերջին տիրացվից սկսած մինչև կաթողիկոսի դեմ։ Նա պաշտպանում էր լուսավորչական եկեղեցու ոչ միայն խորհուրդները, այլև բոլոր ծեսերը, ամենաչնչին մանրամասներով ու ձևերով։ Փարիզի եկեղեցում նա մի կիրակի առաջին կարգում նստած՝ սուր աչքերով հետևում էր պատարագի արարողությանը։ Տեսնելով, որ սարկավագը խնկարկելիս բուրվառը պտտեցնում է ձեռի շուրջը, դարձավ ինձ և ասաց․
— Էդ անասունի գլուխը պիտի ջարդեմ։ Եկեղեցին թատրոն չէ, որ ամեն մի դերասան իր ուզածի պես խաղա։
Եվ այնքան կատաղել էր, որ ես վախենում էի, որ վեր պիտի կենա, վազի բեմ և բուրվառը խլի սարկավագի