Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/228

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այն ժահրոտ ու ժանգոտ արարածների դեմ, որոնց իր մահճակալի քով տեսնելիս, հիվանդը շտապում է մի ժամ առաջ մեռնել։ Նրանք օժտված են մի բառով, մի ժեստով, արցունքը ծիծաղի վերածել մահամերձի դեմքին ժպիտ տալու երջանիկ տաղանդով։ Լավագույն փիլիսոփաներն են առօրյա կյանքի և ավելի օգտակար, քան շատ փիլիսոփաներ․..

Բանտը մի հին կիսախարխուլ շինություն էր, նախկին մաքսատնից մարդկային զնդանի վերածված։ Իմ սենյակի առաստաղն ու անկյունները ծածկված էին սարդի հարյուրամյա ոստայնով, հատակի ճեղքերից ամեն վայրկյան լրբաբար դուրս էին սողում մկները և ծվծվալով այս ու այն կողմ վազում, մազի չափ չվախենալով իմ ներկայությունից։ Երբեմն գիշերները ես զգում էի նրանց վազքն իմ երեսի վրա։ Այդ օրերին մողեսներն անհոգ իրենց մեջքը տաքացնում էին լուսամուտիս հատակի վրա։

— Այստեղ օձեր էլ կան,— ասաց մի օր հերթապահ հսկիչը,— մի անգամ բանտապետը բարձրացել էր կտուրի վրա։ Ձեր վառարանի քարուքանդ ծխնելույզի մեջ տեսավ մի պարան։ Նա պարանը վերցրեց, և հանկարծ դուրս եկավ, որ դա օձ էր...

Իմ սենյակն ուներ երկու լուսամուտ, մեկը դեպի ընդհանուր բակ, մյուսը դեպի մի ուրիշ բակ։ Այս երկրորդ բակումն էին բանտարկված այն դուխոբորները որոնք, պատերազմի հակառակորդ լինելով, զինվորականությունից հրաժարվել էին և որոնք հետո, և Տոլստոյի որդու առաջնորդությամբ, գաղթեցին Ամերիկա։ Քսանուհինգ տարի հետո իմ ճամփորդության ժամանակ ես նրանց մի մասին հանդիպեցի Կալիֆորնիայում։ Նրանց մեջ կային և մի քանի հայ դուխոբորներ Ղարսից։ Թե Կալիֆորնիայում և թե՛ Կանադայում նրանք պարապում էին երկրագործությամբ և երջանիկ էին։ Ամերիկայում նրանք համարվում են լավագույն երկրագործներ։ Բանտում այդ դուխոբորները չէին տառապում. գոնե այդպես էր երևում նրանց զվարթ դեմքերից և այն երգերից, որ օրը մի քանի անգամ խմբովին երգում էին։