արցունքներ տեսել։ Եկեղեցական կալվածների բռնի գրավման ժամանակ նա կատաղել էր ինչպես վանդակի մեջ վիրավորված վագր և անզորությունից ձեռքերը խածելով վրիժառության ամենատարօրինակ, ամենածայրահեղ ծրագիրներ էր մտմտում։
Այդ դեպքում Աղայանի և Պերճ Պռոշյանի ցասման մեջ կար տարբերություն։ Մինչ Պռոշյանը ողբում էր եկեղեցին և էջմիածինը, Աղայանը ասում էր․
— Մենք հույս ունեինք ժողովրդի սեփականությունը խլել ձրիակեր հոգևորականությունից և տալ գյուղացիությանը, հիմա բորենիներին փոխարինեցին գայլերը։
Նա չէր սիրում էջմիածինը և մերթ ընդ մերթ խարազանում էր բարձր հոգևորականությանը, իհարկե, որքան ներում էին ցենզուրական պայմանները։ Նրա միակ եկեղեցական բարեկամը Արիստակես Սեդրակյանն էր, այն էլ նրա համար, որ այդ եպիսկոպոսը մաքառում էր իր դասակիցների ձրիակերության դեմ։
Հիշում եմ Աղայանի տարօրինակ ծրագիրներից մեկը, որ երկար ժամանակ զբաղեցրեց նրա միտքը։ Կարծեմ ինչ-որ կաթողիկոսական ընտրությունների ժամանակ էր։ Աղայանն առաջարկում էր Արիստակես Սեդրակյանին գնալ Կիպրոս կղզի, այնտեղից ինքն իրան հայտարարել «Կաթողիկոս ամենայն հայոց»։ Իր միտքը նա բացատրում էր այսպես.
— Անգլիան ուրախությամբ կընդունի նրա կաթողիկոսությունն իր հովանավորության տակ և կաջակցի, որ աշխարհի բոլոր կողմերից հայերը գան Կիպրոս և նոր հայրենիք շինեն իրանց համար։
Առհասարակ Աղայանն իր գլուխը շատ էր հոգնեցնում նման միամիտ ծրագիրներով։
Նա սիրում էր քննել ու վերլուծել եվրոպական պետությունների քաղաքականությունը և յուրաքանչյուրին իր տեղը տալ։ Այդ պահերին անհնար էր նրա հետ վիճաբանել։ Միակ մարդը, որ կարողանում էր համբերությամբ ու լրջորեն պայքարել նրա հետ, Ավետիք Արասխանյանն էր։ Բայց նրան էլ Աղայանը մի անգամ սեղմեց պատին՝ բառիս լայն իմաստով՝ երկու ձեռներով բռնելով նրա վերարկվի օձիքը։ Բռնեց