Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/422

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

որ շուշեցի էր, և Շահմուրադյան , որ մշեցի էր։ Երկուսն Էլ սքանչելի տենորներ էին. Շահմուրադյանը դրամատիկ, Մուղինյանը լիրիկ։ Առաջինը կոնսերվատորիան ավարտեց փառավոր քննությամբ, սակայն չգիտեմ ինչու կարողացավ միայն մի սեզոն երգել մեծ օպերայում, այնուհետև սկսեց թափառել որպես կոնցերտանտ և այժմ էլ թափառում է Փարիզից մինչև Եգիպտոս, Ամերիկա և Կալիֆորնիա, իսկ Մուղինյանը կոնսերվատորիան չավարտած թոքախտից վախճանվեց։

Խոսելով Փարիզի այն ժամանակվա հայ գաղութի մասին, ես չեմ կարող մոռացության տալ իմ այն հայրենակիցներին, որոնք ժամանակավորապես այցելուներ էին, գալիս էին մեկ կամ մի քանի ամսով որպես ճամփորդներ կամ գործավորներ։ Այդ տեսակետից աոաջին տեղն էին գրավում դարձյալ, այսպես որակված, ազգային գործիչները, ուզում եմ ասել դաշնակցականները, հնչակյանները և այլ կուսակցություններ, մանավանդ առաջինները։ Դրանց համար Փարիզը Ժնևից հետո երկրորդ ուխտատեղին էր։ Յուրաքանչյուրն ուզում էր անձամբ բախել Ժոռեսի կամ Պրեսանսեի դռները, մի բան, որ նրանց աչքում հավասար էր բարձրագույն քաղաքական գործունեության։

Հիշում եմ 1907—1908 թվականները, մանավանդ Թուրքիայի հեղափոխության նախօրյակը, հեղափոխության օրերը և հետհեղափոխության ամիսները։ Դաշնակցականների և հնչակյանների շարքերում տիրում էր մի արտասովոր իրարանցում։ Թվում էր, որ այդ մարդիկ ինչ-որ խոշոր գործ են կատարում կամ երևակայում են, թե կատարում են։ Հաճախ աչքի էին ընկնում Ավետիք Ահարոնյանը, Խաչատուր Մաջումյանը, Միքայել Հովհաննիսյանը և մի շարք ուրիշներ, որոնց չէի ճանաչում։ Հիշում եմ մի օր։ Նսաած էի Մինաս Չերազի հետ «Սուֆլե» սրճարանի վարի հարկում։ Հանկարծ աղմկալի խոսակցությամբ ներս խուժեցին մի քանի դաշնակցականներ, որոնց թվում էր և Խաչատուր Մալումյանը։ Նրանց հետ էր և հայտնի թուրք հեղափոխական Ահմեդ Ռիզան։ Նրանք շտապ քայլերով բարձրացան սրճարանի վերին հարկը և այնտեղ փակվեցին մի աոանձին սենյակում։