Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/424

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

զինագործարանի հասցեն։ Անդրանիկն այդ գործարանի հրացանները չի հավանել և ընտրել է մի ուրիշ գործարար և նրանից է գնել հրացաններ, կանխավ որոշված արժեքից մի քիչ ավելի ծախսելով։ Այժմ դաշնակցության Ժնևի բյուրոն մերժում է տալ նրան գների տարբերությունը, և մարդն ընկել է նեղ դրության մեջ։

— Բայց գլխավորն այդ չէ,— շարունակեր Անդրանիկն ավելի ու ավելի հուզվելով։— Փույթ չէ, որ այսօր ես նույնիսկ հյուրանոցին վճարելու միջոց չունեմ, փույթ չէ, որ ստիպված եղա դիմել Վռամշապուհ քահանայի օգնությանը։ Խնդիրն այլ է և ավելի կարևոր։

Նա պատմեց, որ ինքը եղել է մի հասարակ արհեստավոր — տոկար, (այսպես էլ ասաց — տոկար), սիրել է իր հայրենիքը, տառապել է թուրքահայ ժողովրդի տառապանքներով, զգացել է, որ մի բանով պետք է նրան օգտակար լինի, բայց չի գիտցել ինչպես։ Ինքն իրանց հեղափոխական «հորջորջողները» մի օր նրան համոզել են ապստամբվել թուրք կառավարության դեմ և զենք բարձրացնել։ Եվ նա ապստամբվել է, ժողովելով իր շուրջը մի խումբ անձնվերներ։

— Իհարկե, ես խենթ չէի, որ չգիտնայի, թե հայ ազգն իր բոլոր ուժերով ու կարողությամբ շի կրնար տապալել Սուլթան-Համիդին հզոր կայսրությունը,— ավելացրեց Անդրանիկը դառն հեգնությամբ,— բայց դաշնակցականներն ինձ հավաստիացրել էին, թե եվրոպական պետությունները, տեսնելով մեր ազատագրական շարժումը, կշտապեն մեզի օգնելու։ Այս տեսակետից առանձին ջանքեր էին գործադրում մանավանդ Ժնևում պատսպարված շեֆերը։ Նրանք շարունակ թելադրում էին ինձ կռվել, կոտորել, աղմկել, կրկնելով՝ «մեր ազգի փրկությունը մոտենում է, մի հուսահատվիր»։ Եվ ես կռվում էի, կոտորում, սակայն ավա՜ղ, եթե ես մի տեղ կոտորում էի մի քանի տասնյակ ժանդարմներ, անդին, մի ուրիշ տեղ թրքական զորքերն ու համիդականները թալանում ու այրում էին տասնյակ գյուղեր ու կոտորում էին հարյուրավոր-հազարավոր խաղաղ գյուղացիներ։ Իսկ օգնությունը Եվրոպայից հապաղում էր ու չէր գալիս... Ես բերեցի Անդրանիկի ասածների ընդհանուր բովանդակությունն