առանց մանրամասների, մի կողմ թողնելով նրա մի շարք ինքնուրույն որակումները դաշնակցության մասին։ Երբ նա լռեց, ես առանց հեգնանքի և անկեղծորեն ասացի.
— Եվ դուք այնուամենայնիվ շարունակում էիք հավատալ, որ Եվրոպան պիտի գա մի օր, այո՞։
— Այո, հավատում էի, որովհետև այնտեղ հայրենիքում չկար մեկը, որ ինձ բացատրեր ճշմարտությունը։ Ես մթության մեջ էի, ես մոլորված էի... Ճշմարտությունն ինձնից թաքցնում էին։
— Իսկ ա՞յժմ։
— Այժմ։ Ահ այդ է, որ ես փափագ զգացի ձեզի ըսելու։ Այժմ իմ աչքերը բացվել են հոս գալուցս հետո։ Այժմ պարզ տեսնում եմ, որ այդ բոլորը սուտ է եղել, խաբեբայություն։ Այժմ ինձ համար կասկածից դուրս է, որ ոչ մի եվրոպական պետություն անկեղծորեն շահագրգռված չէ մեզի իրական օգնություն ցույց տալու, ուր մնաց Թուրքիայի հետ կռվելու։
— Բայց ինչո՞վ եք բացատրում դաշնակցականների վարմունքը, ի՞նչ շահ ունեին նրանք ձեզ մոլորեցնելու։
— Շա՞հ,— կրկնեց Անդրանիկն այն կծու ու կսկծալի ծիծաղով, որ խորապես դառնացած ու վշտացած հոգու խորքից է գալիս։— Դաշնակցությանը գործ էր հարկավոր, իրական, շոշափելի գործ, թող այդ գործը լիներ մի ամբողջ ժողովրդի կործանումը։ Նրա ջերմ ցանկությունն էր աղմկել, աղմկել, փոթորիկ բարձրացնել, թեկուզ այդ փոթորիկը լիներ մի փոքրիկ, մի խաղաղ լճի մեջ։ Նրան հարկավոր էր մի որևէ շարժում, մի որևէ դղրդոց այնտեղ, Թուրքիայում, որպեսզի թե՛ Կովկասում և թե՛ այստեղ Եվրոպայում գոռա ու աղաղակե. «Ահա տեսեք, տեսեք, ես գործ եմ կատարում, դրամ տվեք»։ Տվեք, որ իմ շեֆերն ապրեն խաղաղ Եվրոպայի ամենագեղեցիկ վայրերում, և որպես դիպլոմատներ զորավորների դռները մաշեն ու ազգի ինքնասիրությունը ոտնատակ անեն։
Ինձ համար նորություն չէին Անդրանիկի ասածները դաշնակցության հոռի գործունեության մասին։ Նորությունն այդ մարդու հուսախաբությունն էր. մի մարդու, որ իր ամբողջ կյանքը նվիրել էր մի անհուսալի գործի և այժմ տեսնում էր,