Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/426

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

որ ինքը խաբված է եղել: Պարզ է, որ մարդ հոգով տառապում էր։

Մեր խոսակցությունը երկար չտևեց։ Անդրանիկը վրդովված էր անսահման և երբեմն իր որակումների մեջ դաշնակցության դեմ հասնում էր ծայրահեղության, չխնայելով ոչ մի ածական, իսկ ես չէի ուզում կրակի վրա յուղ թափել։ Ահա ինչու, ես զգացի մի տեսակ հոգեկան թեթևություն, երբ այդ պահին սրճարան մտավ դաշնակցության նախկին շեֆ բժիշկ Հովհաննես Լոռիս-Մելիքյանը, նա, որ դառնացած բաժանվել էր իր նախկին ընկերներից ու գաղափարներից, թեև բավականաչափ խուսափում էր նրանց մասին վատ խոսելուց։ Ես Անդրանիկին ծանոթացրի նրա հետ և ինքս շտապեցի հեռանալ։ Պարզ էր, որ նրանք իրարու լավ կհասկանային, քան ես...

Շուտով վրա հասավ թուրքական հեղափոխությունը։

— Չէի՞ք կամենալ արդյոք այցելել երիտասարդ թուրքերի նշանավոր պարագլուխ Ահմեդ Ռիզային և շնորհավորել նրանց հաղթությունը,— դարձավ մի օր ինձ Մինաս Չերազը, որ քաղաքագիտական ձևականություններին վաղուց էր ընտելացել և խստիվ հետևում էր նրանց։

— Ինչու՞ չէ,— պատասխանեցի ես,— բայց ասացեք, դուք հավատու՞մ եք, որ այդ այդպես կոչված հեղափոխությունը կարող է բարերար լինել թե՛ Թուրքիայի և թե՛ առանձնապես հայ ժողովրդի համար։

— Դժվար է ասել։ Համենայն դեպս կարծում եմ, որ սահմանադրական կարգերն ավելի վատ չպիտի լինեին մեզ համար, քան կարմիր սուլթանի կառավարությունը։ Մենք այնքան տանջվել ենք, որ մի այդպիսի անսպասելի փոփոխություն Թուրքիայի կյանքում չի կարող մեզ մի նոր հույս չներշնչել...

Մենք գնացինք Ահմեդ Ռիզայի մոտ։ Նա կենում էր Լա¬տինական արվարձանի անշուք հյուրանոցներից մեկում։ Ես այդ մարդու հետ ծանոթ չէի, բայց գրեթե ամեն օր տեսնում էի նրան Soufflet սրճարանում։ Ես շատ ուրախ եմ, որ այդ օրը նա հյուրանոցում չէր, և մենք թողինք մեր այցետոմսերը։

Ուրախ եմ, որովհետև երբ վերադառնում էինք, Չերազն ասաց.