Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/428

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Էի նրա գեղեցիկ պատմվածքները Կ. Պոլսի կյանքից։ Ուղղածթյամբ ռեալիստ էր, ուներ շատ սիրուն ոճ, միանգամայն զերծ պոլսական սեթևեթանքից և ավելորդ ու հակագեղարվեստական պճրանքից։

Զոհրաբն իմ մասին գրել էր մի՞թե մի քանի ոգևորիչ հոդվածներ, չեմ հիշում Կ. Պոլսի որ հայ լրագրում այն ժամանակ, երբ Աբելյան-Արմենյան թատերախումբը մեծ հաջողությամբ խաղում էր այնտեղ մեծ մասամբ իմ պիեսները — «Պատվի համար» և «Եվգինե»: Ես ուրախ էի ծանոթանալ Զոհրաբի հետ։ Երբ փորձեցի խոսել իր երկերի մասին, նա ամենայն պարզությամբ և առանց շինծու համեստության ասաց.

— Ես ամատեոռ (գրասեր) մըն եմ, ուրիշ ոչինչ։

Զոհրաբը լավատես էր թրքական հեղափոխության բարերար արդյունքների մասին, հույսեր ուներ թրքահայ ժողովրդի ազատագրման վրա: Նա լսել անգամ չէր ուզում Արշակ Չոպանյանի և իմ հոռետես առարկությունները։ Արդեն աղմկալի մթնոլորտը շատ էր արբեցրել ամենքին, որոնց թվում և Գրիգոր Զոհրաբի նման լրջամիտ և խոհուն մարդկանց։

Բայց, ավա՜ղ, նա էլ Սիամանթոյի, Վարուժանի, Ակնունու և մի շարք մտավորականների պես իր լավատեսության զոհը դարձավ։ Տասնումեկ տարի անցած, երբ ես Պոլսումն էի (1919 թվականի վերջին ամիսներին), լսեցի նրա ողբերգական վախճանի պատմությունը զանազան բերաններից տարբեր բովանդակությամբ։ Թե ինչպես էր նա սպանվել, ինչպես էին մյուսները սպանվել, այդ մասին ոչ ոք չուներ ճշգրիտ տեղեկություն։ Պատմում էին, թե Սիամանթոն, Վարուժանը և մյուսները աքսորվել էին Այաշ, իսկ Զոհրաբը մի ուրիշ, ավելի հեռավոր վայր, թե առաջիններին մի ինչ-որ դաշտում գնդակահարել են, իսկ թե որտեղ և ինչպես է սպանվել Զոհրաբը, հայտնի չէ։ Զարմանալին այն է, որ Զոհրաբի նույնիսկ ձերբակալության լուրերը տարբերվում էին իրարուց: Առաջ եմ բերում զանազան վարիանտներից մեկը, որ, աչքի առաջ ունենալով Զոհրաբի ըմբոստ և համարձակ բնավորությունը, ինձ ավելի հավանական է թվում։ Պատասխանատվությունը թողնում եմ պատմողների վրա: