բոլոր բնակիչներին մի-մի քար բերել և գործի է կանչում բոլոր որմնադիրներին։
Կարճ միջոցում ծովի մեջ բարձրանում է հոյակապ աշտարակը։ Ավարտման օրն աղջիկը խնջույք է տալիս իր հասակակիցներին, վերջին անգամ համբուրվում է նրանց հետ որպես անարատ կույս։ Ոչ ոք չգիտե նրա գաղտնիքը։
— Հայր, ես բարձրանում եմ աշտարակ՝ իմ խոստումը կատարելու,— ասում է նա բռնակալին խնջույքից հետո,— կգաս այնտեղ մի ժամից հետո։
Աղջիկը բարձրանում է աշտարակի գագաթն ու այնտեղից նետվում ծովը։
Ահա ինչու հոյակապ շինությունը կոչվում է «Կույսի աշտարակ»։ Նա մի ժամանակ ջրի մեջ է եղել, հետզհետե ծովը ցամաքելով, հեռացել է նրանից։
Փարոսը չքացավ երկնքի մթին տարածության մեջ։ Շոգենավն անզգալի արագությամբ վազում էր դեպի ծովի խորքերը։ Տախտակամածի վրա ցրտեց։ Ես իջա վար։ Այնտեղ աչքերը ծուռ ճամփորդը թուղթ էր խաղում դպրոցականների հետ։ Ծերունի վաճառականը հեռու կանգնած կշտամբալի հայացքով նայում էր պատանիներին։ Նրանք շարունակ տանուլ էին տալիս, տանում էր միայն աչքերը ծուռ մարդը։
— Եղուշ, բավական է,— չհամբերեց, վերջապես, ծերունին,— թող այդ երեխաներին, ամոթ է։
— Հիմի բավական է,— ասաց Եղուշն իր խաղակիցների վերջին կոպեկները գրպանը կոխելով, և ոտքի ելավ։
— Շուլեր է,— շշնջաց ծերունին ականջիս,— զգուշացեք։
Մոտ կեսգիշերին ճամփորդները պառկեցին քնելու, բացի ինձնից և Եղուշից։ Ըստ երևույթին թղթամոլը գոհ չէր իր ավարով։ Նա փափագեց ինձ էլ կողոպտել։ Երևի գուշակել էր, որ քովս բավական մեծ գումար կա։ Մի քանի անգամ նա խաղաթղթերը դրեց սեղանի վրա, ծուռ աչքերը հառեց երեսիս, բայց իզուր։ Ես նորեն բարձրացա տախտակամած։ Եղանակը տակավին խաղաղ էր։ Շոգենավը հանդարտիկ լողում էր առաջ, իր եռանկյունի լանջով ճեղքելով ծովն