Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/87

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նոր քանդվող հորերի համար։ Հանքահորի վարիչ գործակատարը փոխանակ այդպիսի դեպքերի համար նշանակված գործիքի, մի թուրք պատանի մշակի ձեռը տալով պարանի ծայրը՝ հրամայում է նրան իջնել խողովակի ներսը և ուղղել նրան։ Պատանին, պարանի ծայրից բռնած, իջնում է։ Հորի մեջ գոյացած գազը խեղդում է նրան, և նա, պարանի ծայրը ձեռից բաց թողնելով, գլորվում է հորի հատակը։ Հանճարեղ գործակատարը մնում է շվարած. մի ուրիշ մշակ համաձայնվում է 50 ռուբլով իջնել հորը պատանուն դուրս բերելու համար։ Փորձում է, բայց նրա մարմինը խողովակի նեղության պատճառով ներս չի գնում. այն ժամանակ հորի միջից դուրս են քաշում երկաթե խողովակը, հորը փոքր-ինչ լայնանում է, և երկրորդ մշակի մեջքին կապելով պարանի ծայրը՝ գլխիվար բաց են թողնում հորի մեջ՝ առանց մտածելու, որ հորի հողե պատերը կարող են փլվել և երկու մշակներին էլ կենդանի թաղել։ երկրորդ մշակը երկաթե կեռը գցում է պատանի մշակի մեջքին։ Դրսում լինողները քաշում են պարանը, և երկու մշակներին էլ դուրս են բերում անշնչացած։

Զարմանալին այն է, որ գործակատարը հիմարի մեկը չէ։ Նա հոսոս ազգասերներից մեկն է, անունը Նազարեթ Առավելյանց, որ մի ժամանակ հայերեն մի բրոշյուր էր հրատարակել, եթե չեմ սխալվում, «Ձայն բարբառո վանեցվույն առ ամենայն հայս» վերնագրով։ Երևի նրա արարքը հենց իր ազգասիրության արգասիքն է եղել, և նա կամեցել է Հայաստանի քյուրդերի վրեժը Բաքու գալով մի թուրք պատանի մշակից լուծել»[1]։

Բաքվի բանվորների այս դրությունը, որ ես նկարագրել եմ սրանից քառասուն և ութ տարի առաջ, այն ժամանակ այնքան բնական էր համարվում, որ ոչ ոքի չէր զայրացնում, նույնիսկ ամենաառաջադեմ կոչված ինտելիգենտին։ Ապագայումն էլ այդ դրությունը գրեթե չփոխվեց, մինչև որ եկավ Հոկտեմբերյան հեղափոխությունը և կերպարանափոխեց բանվորների կյանքը կատարելապես։

Արդեն նավթային աշխարհն ինքնըստինքյան դարձել էր

  1. «Մշակ» լրագրի 1881 թվականի դեկտեմբեր ամսի № № 225, 226 և 227