Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/88

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մի ընդարձակ ասպարեզ մարդկային գերագույն բնազդների զարգացման համար։

Դուրս գալով մի գրասենյակից և անցնելով մյուսը որպես հաշվապահ կամ վարիչ, որքան գնում, այնքան ավելի ու ավելի համոզվում էի, որ ընդհանուր ապականության մեջ պետք է ունենալ հակաթույն՝ չվարակվելու համար ամենուրեք տարածված ախտով։ Այդ հակաթույնը ես ունեի իմ հոգու մեջ — դա իմ սերն էր դեպի գրականությունը և գրագետի համբավը։ Կյանքի մեջ լինելով՝ ես կյանքից դուրս էի, ոսկին ինձ չէր հափշտակում, իմ միտքն զբաղեցնողը մարդկային սիրտն ու հոգին էին։ Ես արդեն միջավայրը դիտողի և ուսումնասիրողի դերի մեջ էի, ուստի իմ թույլ ձեռներն ապահովված էին կեղտից։ Դա բավական չէր. տեղն եկած ժամանակ ես չէի վարանում հարվածել ապականությունը նույնիսկ այդ մարդկանց մեջ, որոնցից էր կախված իմ նյութական վիճակը։ Հակառակ իմ տակավին արտասովոր միամտության, թե՝ բարին պետք է լինի սիրելի և չարը զազրելի, ես տեսնում էի, որ, ընդհակառակը, նա է ավելի սիրված և հարգված, ով ամենից քիչ է իր խղճի հետ հաշվի նստում։ Իմ աչքերի առջև մարդ էակն իր նմանի կոկորդը բռնած, պատին սեղմելով, խեղդում էր, և ոչ մի անցորդ չէր փորձում խեղդվողին ազատել։ Իրարու բոթելով ու հրելով, յուրաքանչյուրն աշխատում էր իր տեղը լայնացնել մրցման ասպարեզում, և, իհարկե, տուժում էին նրանք, որոնք անզոր էին իրենց ոտների վրա կանգնելու։ Թավալելով տկարներին, զորավորներն անցնում էին առաջ առանց ետ նայելու, շատ անգամ իրանց զոհերի դիակը կոխկրտելով երկաթե կրունկներով։ Կատարվում էր այն, ինչ որ տեղի ուներ մի ժամանակ Կալիֆորնիայի և այժմ Ալյասկայի ոսկեհանքերում՝ մինչև ավազակային կողոպուտ ու մարդասպանություն։

Վերջին չորս տարիները Բաքվում ես ընկել էի մի միջավայր, ուր ընկերոջ վերջին կոպեկը գողանալը և նրա զավակներին մի կտոր հացից զրկելը համարվում էր խելքի և եռանդի ապացույց և ոչ միայն չէր դատապարտվում, այլև դառնում էր նախանձի առարկա։ Հարյուրավոր դեպքեր են անցել իմ աչքերի առջև միմյանցից այլանդակ, միմյանցից զազրելի։